Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Մանրամասներ

Երկուշաբթի Մինսկում դատավճիռներ են կայացվել բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի անդամների գործով, մասնավորապես, Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հեռակա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

«Մինսկի քաղաքային դատարանը Սվետլանա Տիխանովսկայային դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Տիխանովսկայան դատարանի որոշմամբ պետք է պատիժը կրի քրեակատարողական գաղութում», - հաղորդում է ԲԵԼՏԱ պետական գործակալությունը։

Մասնավորապես, Տիխանովսկայան մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության, պետական իշխանությունը զավթելու դավադրության, ծայրահեղական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, պետական իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։

Գործին ներգրավված են նաև բելառուսական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Բելառուսի մշակույթի նախկին նախարար Պավել Լատուշկոն, ինչպես նաև ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ Մարիա Մորոզը (ղեկավարել է Տիխանովսկայայի նախընտրական շտաբը), Օլգա Կովալկովան և Սերգեյ Դիլևսկին։

Դատարանը Լատուշկոյին դատապարտել է 18 տարվա ազատազրկման, Մորոզին՝ 12, Կովալկովային՝ 12, Դիլևսկուն՝ 12։