ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Մանրամասներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Կորնել Իոնեսկուին և լիազոր նախարար Իոնել Իվանին:

Ողջունելով ռումինական պատվիրակությանը և նրանց ներկայացնելով իր ղեկավարած հակակոռուպցիոն մարմնի գործունեության հիմնական ուղղությունները՝ Սասուն Խաչատրյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեծապես կարևորում է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրումն ու ներդրումը՝ հատկապես հաշվի առնելով, որ կոռուպցիան ինքնին միջազգային մակարդակի համընդհանուր խնդիր է, որը լուծելու համար համատեղ կամք և ջանքեր են պահանջվում:

Ռումինիայի դեսպանը ևս ներկայացրել է իրենց երկրի՝ կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած Ազգային հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու լիազորությունների շրջանակը՝ նշելով, որ Ռումինիան մեծ առաջընթաց է արձանագրել հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունների քննության բնագավառում: Դեսպան Իոնեսկուի խոսքով՝ Ռումինիայի ազգային հակակոռուպցիոն մարմինը թափանցիկ և հրապարակային աշխատանքի շնորհիվ  այսօր վայելում է հանրության զգալի մասի վստահությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում ավելի արդյունավետ միջոցառումների իրականացման, ինչպես նաև երկու երկրների հակակոռուպցիոն մարմինների միջև համագործակցային կապերի ձևավորման ու փորձի փոխանակման հնարավորությունները, այդ թվում՝ փոխադարձ այցերի միջոցով: