Փաստորեն Հայաստանն Արցախին ասում է՝ գնացեք, թող Ադրբեջանը ձեզ ուտի

Մանրամասներ

Այսօր իշխանության թեւի շատ ներկայացուցիչներ ասում են՝ Խորհրդային Միության ժամանակ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ իրար հետ ապրում էին, բայց հիշեցնեմ, որ Սումգայիթը Խորհրդային Մության ժամանակ էր, նաեւ ԽՍՀՄ ժամանակ էր, որ հայաթափվեց Նախիջեւանը, ԽՍՀՄ ժամանակ էր, որ իրենց տներից զրկվեցին հարյուր հազարավոր հայեր, որոնք ապրում էին Խորհրդային Ադրբեջանում, ներառյալ Գանձակում. Եւ ԽՍՀՄ ժամանակ էր, որ Արցախն սկսեց իր պայքարը հանուն Հայաստանի հետ վերամիավորման: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Այնպես որ բոլոր նրանք, որ ասում են՝ ԽՍՀՄ ժամանակ նորմալ ապրում էին, թող հիշեն թե Սումգայիթը, թե Բաքվի ջարդերը, թե Գանձակի ջարդերը, թե Շամխորի եւ Ադրբեջանի մյուս քաղաքներում տեղի ունեցած կոտարածները:

1988-ին արցախցիները ձայն բարձրացրեցին, ցանկություն հայտնեցին ապրել Ադրբեջանից դուրս եւ այն ժամանակ դեռ Խորհրդային Հայաստանը կանգնեց Արցախի թիկունքին, ստանձնեց Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունը: 

Այսօր, երբ ՀՀ իշխանությունները Արցախից ձեռքները լվանում են, ասում են՝ գնացեք Բաքվի հետ առանձին բանակցեք, իրենք հասկանում են, որ Արցախի եւ Ադրբեջանի բանակցային հզորությունները շատ տարբեր են:

Փաստորեն ասում են՝ գնացեք, թող Ադրբեջանը ձեզ կլանի, ուտի: Ադրբեջանն էլ ասում է՝ դուք մեր քաղաքացիներն եք, կունենանք այն իրավունքները, ինչ մնացած քաղաքացիները, մոռացեք ինքնորոշման մասին, այլ իրավունքների մասին: Այս իշխանություններն էլ են ասում՝ խոսենք իրավունքների մասին: Ի՞նչ իրավունք:

Այս իշխանությունները փորձում են գեղեցիկ փաթեթավորումներով կոծկել իրենց ազգադավ քաղաքականությունը, Արցախից ձեռքները լվանալու եւ Արցախը Ադրբեջանին հանձնելու իրենց քաղաքականությունը՝ մոռանալով, որ Արցախն իրենցը չի եւ այն հանձնելու իրավունքը չունեն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: