Մենք վերառուսիֆիկացվում ենք․ Մի թողեք հյուսիսից եկած «սպիտակ մարդը» աֆրիկայի սևերի օրը գցի մեզ․ Մարինե Մանուչարյան

Մանրամասներ

Խնդրում եմ բացատրեք ինձ, թե որտեղի՞ց է գալիս սեփական մայրենի լեզուն անտեսելու երևույթը:

Ինչու՞ են Հայաստանում տեղացիները միանգամից ռուսների ոտքերի տակ փռում հենց մայրենին:

Էս միտքն ինձ վաղուց հանգիստ չի տալիս, բայց երեկ ավելի ուժեղ սեղմեցին ցավի էդ կետին, երբ պատահաբար հայտնվել էի 301 Land Of Wisdom հիմնադրամի նախաձեռնած դասական երաժշտության փոքրիկ համերգին, որին մասնակցում էր հայազգի տաղանդավոր թավջութակահար Դավիթ Մելքոնյանն իր կնոջ, հոբոյիստ Լոլա Սուլիերի հետ:

Համերգի մանրամասներին չեմ անդրադառնա, քանի որ դա այլ թեմա է, բայց կանդրադառնամ լեզվին:

Սենյակում ներկաների 80% հայաստանցիներ էին, վարողը սկսեց հայտարարությամբ, որ փաստորեն երեք լեզու պիտի գործածվի, ասեց` «բարև ձեզ, дорый вечер, bonne soirée», ես մտածեցի, ապրեն, հայերենը ներկա է, բայց վերջ, դա վերջին անգամն էր, որ մենք երեկոյի ընթացքում լսեցինք հայերեն խոսք: Իրոք որևէ բարդություն չկար թարգմանություն ապահովելու համար, կարող էին նաև հանդիսատեսին խնդրել, բայց ոչ, մենք լսեցինք միայն ռուսերեն ու ֆրանսերեն:

Անկախ այս դեպքից, առհասարակ, ռուս գաղթականների հայտնվելուց ի վեր մենք վերառուսիֆիկացվում ենք, մեզ նորից վեր են ածում ռուսական գաղութի:

Մեր արվեստի ու մշակութային կյանքը գրավվում է, տեղացիներից շատերը դրան շատ սովորական են վերաբերվում, ժամանակ առ ժամանակ էլ քաղքենիության տխուր դրսևորումներով, բայց չեն գիտակցում, որ շատ կարճ ժամանակ անց բոլոր տարածքները, բոլոր մեծ նախաձեռնությունները ունենալու են ռուս տերեր, լինելու են ռուսաֆիկացված (արդեն իսկ ամբողջ սպասարկման ոլորտն անցել է ռուսերենի) ու մեր քչից շատից ստեղծագործ միտքն էդ ֆիլտրովա անցնելու:

Էլի համագործակցեք, էլի նախաձեռնեք, բայց մի թողեք հյուսիսից եկած «սպիտակ մարդը» աֆրիկայի սևերի օրը գցի մեզ:

Մարինե Մանուչարյան