Տպավորություն էր, որ զորանոցում այրվել են միայն մահճակալները․ միջանցքը, փայտե հատակը չեն այրվել, անգամ հատակի ներկն է պահպանվել․ փաստաբան

Մանրամասներ

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաստաբան Նորայր Նորիկյանը՝ որպես Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների լիազոր ներկայացուցիչ, օրեր առաջ «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ իրավասու մարմինների ու պաշտոնատար առանձին անձանց կողմից վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած դեպքի առանձին հանգամանքների վերաբերյալ հրապարակվել են միմյանցից էապես տարբերվող ու իրար հակասող տվյալներ, որոնց արդյունքում էլ ավելի է մեծացել տուժողների անվստահությունն իրականացվող քրեական վարույթի անաչառության նկատմամբ, ծնողները դիմել են իրեն։

Փաստաբանը նշել էր, որ զինվորների մահն անհասկանալի հանգամանքներում է տեղի ունեցել, տղաները հրդեհից առաջ եղել են մահացած: Նա նաեւ նշել էր, որ դիմել է պաշտպանության նախարարություն, որպեսզի հանդիպում կազմակերպեն զոհված զինվորների ծնողների եւ նախարար Պապիկյանի հետ:

- Պարոն Նորիկյան, քանի որ չեք վստահում իրավապահներին, Ձեր հետաքննությունն եք սկսել: Ի՞նչ ընթացքում է այժմ գործը:

- Ակտիվ գործողություններ ենք իրականացնում, որպեսզի հանրագումարի բերենք գործը, հասկանանք, թե ինչ է կատարվել: Մեղադրանք է առաջադրվել երեք սպայի, իսկ ահա կապիտանի նկատմամբ քրեական վարույթ է իրականացվել: Սպաներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածով` անփույթ զինվորական գործողությունների համար, որն առաջացրել է մարդու մահ:

- Երեկ Դուք եւ այրված զինծառայողների ծնողներն Ազատ գյուղում էիք: Ինչո՞ւ էիք գնացել, ի՞նչ պարզեցիք:

- Մենք մեր սեփական հետաքննությունն ենք իրականացնում: Կացարանում երեխաների քնելու դիրքերն ու մահճակալների դիրքերն ենք ուսումնասիրել, ուսումնասիրել ենք, թե որ հատվածում է եղել հրդեհը, եւ առաջացել են բազմաթիվ հարցեր: Տուժողների մոտ այն համոզմունքն է ձեւավորվել, որ «պաշտոնական վարկած» ասվածը չի համապատասխանում իրականությանը:

- Կոնկրետ ի՞նչ եք պարզել:

- Եղավ այն, ինչին սպասում էինք: Հրդեհի օջախի եւ հրդեհի տարածման հանգամանքներն ուսումնասիրելով տպավորություն ստացանք, որ այրվել են միայն մահճակալները: Տարածությունը, որ կոչվում է միջանցք, չի այրվել, փայտե հատակը չի այրվել, տպավորություն է, թե միայն մահճակալների վրա քնած զինվորներն են այրվել: Անգամ հատակի գույնն ու ներկն են պահպանվել: Հրդեհի վայրը, կապիտանի դուրս գալու հանգամանքը, կենդանի մնացած զինվորների՝ ճաղավանդակից դուրս գալու հնարավորությունները հարցեր են առաջացնում: Ինչո՞ւ մնացյալ 15 զինվորներն էլ դուրս չեն եկել: Մենք համապատասխան հետեւություններ ենք արել:

- Դեռեւս հայտնի չ ե՞ ն դիակների փորձաքննության արդյունքները:

- Ոչ, դեռեւս չկա նորություն:

- Մեր նախորդ զրույցում նշեցիք, որ պատրաստվում եք զոհերի ծնողների եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպում կազմակերպել: Ինչո՞ւ չի կայանում հանդիպումը:

- Դիմել եմ նախարարություն` պաշտոնական գրությամբ: Դիմել ենք նաեւ զինվորական դատախազին: Պահանջում ենք նրանց եւ ծնողների համատեղ հանդիպում: Նրանք պետք է իրենց լիազորությունների շրջանակում պարզաբանումներ տան: Դեռեւս պատասխան չկա: Ամեն օր սպասում ենք, թե ինչ ընթացք կստանա գործը: Տուժողներն իրենց ունեցած տեղեկությունները փոխանցում են վարույթ իրականացնող մարմնին:

- Տեղեկություններ կան, թե իբր բենզինով վառարան վառած սպան այսօր ցուցմունք է տվել: Տեղյա՞կ եք այս մասին:

- Ոչ, այդ մասին դեռեւս տեղեկություն չունեմ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: