Իրանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ՊՆ վաշտի կացարանում բռնկված հրդեհի ժամանակ հայ զինծառայողների մահվան կապակցությամբ

Մանրամասներ

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ցավակցություն է հայտնել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի ժամանակ հայ զինծառայողների մահվան կապակցությամբ:

«Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին 15 հայ զինծառայողների զոհվելու կապակցությամբ ցավակացություն է հայտնել զոհերի ընտանիքներին, Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին: Նա վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել»,- նշված է Իրանի ԱԳՆ-ի թելեգրամյան օգտահաշվում:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ: