ՀԱՊԿ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Մանրամասներ

ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը հայտնել է, որ շտաբը դիտարկում է 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժությունները ոչ թե Հայաստանի տարածքում, այլ կազմակերպության անդամ այլ երկրներում անցկացնելու տարբերակներ։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին։

Նա պարզաբանել է, որ միացյալ շտաբի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությունն այն մասին, որ 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ Հայաստանի տարածքում զորավարժություններ անցկացնելը նպատակահարմար չէ։

«ՀԱՊԿ-ի միացյալ շտաբը ներկայումս մշակում է առաջարկներ ՀԱՊԿ անդամ այլ պետությունների տարածքում նման զորավարժությունների անցկացման հնարավորության վերաբերյալ և հստակեցնում է 2023 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ վերապատրաստման ծրագիրը», - ասել է Շչեգրիկովիչը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըն այսօրվա մամուլի ասուլիսում ասել էր, որ ՀՀ ՊՆ-ն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չի համարում և այդ զորավաժությունները, համենայն դեպս, այս տարի չեն կայանա։

Արձագանքելով այս որոշմանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի շատ մտերիմ դաշնակիցը, որի հետ երկխոսությունը կշարունակվի:

«Սա Հայաստանի վարչապետի նոր հայտարարությունն է։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր շատ մտերիմ դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը, ներառյալ այն հարցերը, որոնք այժմ շատ բարդ են»,- ասել է Պեսկովը։