ԱՄՆ պետքարտուղարը կայցելի տարածաշրջան. Նպատակը Ռուսաստանի և Թուրքիայի ստեղծած տարածաշրջանային անվտանգության ձևաչափի մերժումն է

Մանրամասներ
ա

ԵՄ դիտորդների տեխնիկական առաքելությունը Հայաստանում է, ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, Հայաստանն աշխատում է իր գործընկերների հետ զենք և այլ մեխանիզմներ ձեռք բերելու ուղղությամբ, որպեսզի պաշտպանի իր ինքնիշխանությունը։ Նման մեխանիզմների թվում է ԵՄ առաքելության ներկայությունը։

«Նրանք չեն գնացել։ Հայաստանն ունի նաեւ այլ մեխանիզմներ, որոնք փորձում է ուժեղացնել՝ ռազմականը»,- ասել է Գրիգորյանը։ Նա ճշտել է, որ Հայաստանում է գտնվում նոր տեխնիկական առաքելություն, որը պետք է գնահատի իրավիճակը։

Դեկտեմբերի 19-ին ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն մտադիր է քաղաքացիական մոնիտորինգի խմբի գործունեության ավարտից հետո նոր, երկարաժամկետ առաքելություն սկսել Հայաստանում։

Օրերս Բորելին դիմել են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջոն Սաուկան և Եվրոպական եկեղեցիների համաժողովի գլխավոր քարտուղար Յորգեն Սկով Սորենսը։ Նրանք Բորելին հորդորել են «անել հնարավորը հայ-ադրբեջանական սահմանին, ներառյալ Լաչինի միջանցքում, ԵՄ գործող մոնիտորինգային առաքելության մանդատի երկարաձգմանը հասնելու համար»։

Փաստորեն, առաջարկ կա եվրոպացի դիտորդների առաքելությունը տարածել Բերձորի միջանցքի վրա։ Ռուսաստանն ու Բաքուն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախում չհայտնվեն լեգիտիմ միջազգային ուժեր՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, տարածաշրջանային խաղաղությամբ շահագրգիռ երկրներ։

Դեկտեմբերի 23-ին, երբ Արարատ Միրզոյանը հրաժարվեց մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Մոսկվայի և Բաքվի իր գործընկերների հետ, տեղի ունեցան նրա հեռախոսազրույցները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ֆրանսիացի Բրիս Ռոքֆոյի և ամերիկացի Ֆիլիպ Ռիքերի, ինչպես նաև Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Ռուս փորձագետները նշում են, որ «նկատվում է ամերիկյան դիվանագիտության ակտիվացումը անդրկովկասյան ուղղությամբ, տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմավարության նոր շրջադարձի տարրեր, որոնց իմաստը ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ ստեղծված տարածաշրջանային անվտանգության ձևաչափի մերժումն է»։ Փորձագետները իրավիճակը համեմատում են 1919 թ․ եւ 1920 թ․ սկզբի հետ։ «Այն ժամանակ ՌՍՖՍՀ-ն անջատվեց այնպիսի միջազգային ինստիտուտից, ինչպիսին Փարիզի կոնֆերանսն էր: Հիմա ուզում են Ռուսաստանին անջատել ԵԱՀԿ-ից», գրում են ռուս փորձագետները։

Ռիքերին հղում անելով նրանք ասում են, որ նախապատրաստվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը տարածաշրջան։ «Այս կապակցությամբ ամերիկյան հրապարակումներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Պետդեպարտամենտը ուշադիր ուսումնասիրում է իր հավաքած պատմական դոսյեն, Ներառյալ Հարբորդի զեկույցը, հատկապես ԱՄՆ-ում հայկական սփյուռքի շահերի համատեքստում», նշում են ռուս փորձագետները։

Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումն ազդում է աջակցության որոշ ծրագրեր իրականացնելու Վաշինգտոնի կարողության վրա, ԱՄՆ Սենատի լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Կարեն Դոնֆրիդը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան հայտնել է, որ Փարիզը մի քանի օրվա ընթացքում երկու անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած հանդիպումն արդյունավետ է եղել, քանի որ գազամատակարարումը վերականգնվել է, իսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն մուտք ունի Լեռնային Ղարաբաղ։

«Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում տրամադրել իր վրա դրված անվտանգության երաշխիքները։ Ֆրանսիան ՀՀ իշխանությունների խնդրանքով հանդես է եկել հարցը դեկտեմբերի 16-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի օրակարգ ընդգրկելու նախաձեռնությամբ։ Այս հանդիպմանը հաջորդեց կրկին Ֆրանսիայի նախաձեռնությամբ Անվտանգության խորհրդի նոր արտակարգ նիստը բաց ձևաչափով, որը թույլ տվեց իր բոլոր անդամներին հայտարարել միջանցքի երկայնքով երթևեկության արագ վերականգնման և մարդասիրական կազմակերպությունների մուտքի մասին Լեռնային Ղարաբաղ»,- ասվում է Քեթրին Կոլոնայի նամակում:

Քեթրին Կոլոնան նշել է, որ Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը ստանա մշտական ​​կարգավիճակ։ «Այս կապակցությամբ դեկտեմբերի 20-ից ՀՀ տարածքում պատվիրակվել է ժամանակավոր գնահատման և պլանավորման առաքելություն, որը հնարավորություն կտա նախապատրաստվել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության արագ տեղակայմանը, որը կսկսվի, հենց ԵՄ անդամ 27 երկրները հաստատեն նրա մանդատը»,- եզրափակել է Քոլոնան։

Մոսկվայում այս ամենին սպառնալիքներով են պատասխանել։ Ընդհանուր կարծիքը հայտնել է Կոնստանտին Զատուլինը՝ «կարող է արյունահեղություն լինի»։ Իսկ Բաքվի ԱԳՆ Բայրամովն ասել է, որ առաքելությունը պետք է համաձայնեցվի իրենց հետ։

Սկզբնաղբյուր