Ինչպես Լավրովը մատնեց Մինսկի խումբը չեզոքացնելու պլանը

Մանրամասներ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային և Եվրոպական Միությանը մեղադրել է Մինսկի խումբը «թաղելու» մեջ՝ նշելով, որ նրանք են հրաժարվել Ռուսաստանի հետ որևէ ձևաչափով համագործակցելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Մինսկի խմբի մասին ոչ ոք չի հիշում: «Արևմուտքը հայտարարել է, որ ոչ մի ձևաչափով Ռուսաստանի հետ չի համագործակցի: Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին: Ժամանակին Մինսկի խումբը ստեղծվել է ՝ միավորելու այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանում, որոնք կարող են ազդանշաններ ուղարկել և՛ Երևանին, և՛ Բաքվին և որոնք պայմանավորվել են աշխատել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահության ներքո: Ինչ-որ մի փուլում Ֆրանսիան ևս դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Այդ ժամանակից ի վեր համանախագահները շատ օգտակար աշխատանք են կատարել, հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և՛ առանձին, և՛ անցկացրել են համատեղ միջոցառումներ», – նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Այդ միջոցառումներից Լավրովն առանձնացրել է Մադրիդում տեղի ունեցած հանդիպումը, որի ընթացքում առաջարկվել են, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է Ռուսաստանի առաջատար դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ նշելով, որ 2008-ին, 2011-ին, Ռուսաստանը Երևանի և Բաքվի ղեկավարների հետ շուրջ 10 եռակողմ հանդիպում է անցկացրել, որոնց որպես համանախագահ ներկա են գտնվել նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:

«2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերի 44-օրյա պատերազմից հետո, երբ մեր միջնորդական ջանքերով հրադադար հաստատվեց, Ռուսաստանը շարունակեց և շարունակում է օգնել հայկական և ադրբեջանական կողմերին այդ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման գործում, ինչը, բնականաբար, խթան կհանդիսանա  ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի զարգացման համար, այլև մյուս հարևան երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Վրաստանի: Ռուսաստանը ևս դրանում հետաքրքրված է: Բացի այդ, մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը երկու կողմերին կօգնի սահմանի սահմանազատման գործում: Եվ երրորդ, մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը կաջակցի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը համաձայնեցնելու հարցում», – ասել է Լավրովը:

Դիվանագետը շեշտել է, որ այս բոլոր բանակցությունները ձեռք են բերվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած գագաթնաժողովների արդյունքում: Նա միևնույն ժամանակ մեկնաբանել է արևմտյան երկրների ներգրավվածությունը բանակցային գործընթացի մեջ:

«Այս ամենին զուգահեռ մենք ականատես ենք եղել այլ խաղացողների ջղաձիգ փորձերին՝ խցկվելու այս գործընթացների մեջ: Մենք դրա հետ կապված ոչ մի խնդիր չունենք: Միակ բանը, որ մենք նշել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն է, որ Արևմուտքը հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով հայտարարել է, որ ոչ մի տեղ, ոչ մի ձևաչափով Ռուսաստանի հետ չի համագործակցի: Դրանով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին: Այդ պատճառով, երբ մեր հայ գործընկերները երբեմն հիշում են Մինսկի խմբի մասին, մենք ասում ենք, որ այդ հարցը մեզ չպետք է ուղղվի: Այդ հարցը պետք է ուղղվի ԱՄՆ-ին, Ֆրանսիային, որոնք հայտարարեցին, որ նրանք այլևս չեն հավաքի այդ խումբը, և, իհարկե, հարցը պետք է ուղղվի Ադրբեջանին, քանի որ առանց Ադրբեջանի մասնակցության միջնորդական որևէ ջանք անիմաստ է»:

ՌԴ արտգործնախարարը շեշտել է, որ արևմտյան երկրները փորձում են միջամտել միջնորդական ջանքերին:

«Հիմա և՛ ֆրանսիացիները, և՛ ամերիկացիները, և, ընդհանուր առմամբ, Եվրոպական Միությունը փորձում են փոխհատուցել իրենց կողմից «թաղված» Մինսկի խումբը՝ խցկվելով միջնորդական ջանքերի մեջ, ընդ որում, փորձում են վերցնել և սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել Ռուսաստանի մասնակցությամբ», – ասել է Լավրովը:

Լավրովի հայտարարությունները ՌԴ իշխանության ավանդական ոճի մեջ են՝ կիսաճշմարտանման պնդումներ՝ նենգափոխումներով ու կեղծիքով։ Բանն այն է, որ Մինսկի խմբի չեզոքացման գործընթացը Մոսկվան ու Բաքուն սկսել էին վաղուց, 2016-ի ապրիլյան քառօրյայից ու ՄԽ Վիեննայի հանդիպումից հետո դա արդեն ակնհայտ դարձավ Սանկտ Պետերգուրգի հանդիպմանը, երբ փաստացի չեղարկվեց շփման գծում միջազգային մոնիտորինգի վերաբերյալ Վիեննայի օրակարգը։ Մոսկվան այդ օրակարգի իրագործման արդյունքում կկորցներ իր «մենաշնորհային» դերը եւ Արցախ զորք մտցնելու երազանքը, իսկ Բաքուն դեմ էր, քանի որ, ինչպես հայտարարել էր Ալիեւը, այդպիսով փաստացի շփման գիծը ճանաչվում էր սահման։

Հայաստանի դեմ Արցախում 2020-ի սեպտեմբերին համատեղ արշավով Մոսկվան ու Բաքուն լուծում էին այդ հարցերը․ ՌԴ-ն զորք մտցրեց Արցախ, Պուտինը հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը լուծված է, եւ Մինսկի խմբում քաղաքական կարգավորումն ու կարգավիճակի քննարկումը բացառվում է։ Այդ ժամանակ ուկրաինական պատերազմը դեռ չկար, իսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չէին հայտարարել, թե Ռուսաստանի հետ ոչ մի ձեւաչափով չեն համագործակցի։ ՄԽ համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, ընդհակառակը, ջանքեր էին գործադրում ձեւաչափը վերականգնելու, քննարկումները վերսկսելու համար, պնդելով, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, սակայն Մոսկվան ու Բաքուն խոչընդոտում էին՝ մեկ Ալիեւն էր հրաժարվում քննարկումներից, մեկ ռուս համանախագահը չէր մասնակցում․ զուր չէ, որ Մոսկվան ու Բաքուն ՄԽ-ն չեզոքացնելու ջանքերում հղում են անում միմյանց եւ հանդես գալիս նույնական հայտարարություններով։ Հիմա էլ Լավրովը հղում է անում Բաքվին, որը համաձայն չէ ՄԽ ձեւաչափին, այդպիսով հաստատելով ջանքերի համակարգումը։ Ավելացնենք նաեւ, որ ՄԽ չեզոքացումն իրագործվեց պաշտոնական Երեւանի մասնակցությամբ, ինչն արձանագրել են արեւմտյան համանախագահները։

Ռուսաստանը եւ նրա կառավարող ռեժիմը վեր են ածվել համաշխարհային իզգոյների, տարածելով կեղծիքներ ու արդարանալով էժանագին հնարքներով։ Ռուսական զորքի մուտքն Արցախ անհնար էր առանց հայերի դեմ դավադիր պատերազմի ու հայերի երաշխավորված պարտության։

Սկզբնաղբյուր