Մարիամ Մկրտչյանը և Շանթ Սարգսյանը մեկնարկեցին հաղթանակով. Խանտի-Մանսիյսկի մրցաշար

Մանրամասներ

1

Խանտի-Մանսիյսկում մեկնարկել են մինչև 20 տարեկանների շախմատի միջազգային մրցաշարերը: Կանանց ու տղամարդկանց պայքարում 10-ական մասնակցով մրցաշարերում կանցկացվի 9 տուր:

Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ հաղթանակով են մեկնարկել: Շանթ Սարգսյանը սևերով հաղթել է ղազախ Ռուսլան Սեզդբեկովին: Շանթը մրցաշարին մասնակցող 3 գրոսմայստերներից մեկն է և ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2645): Երկրորդ ցուցանիշն ունեցող ռուսաստանցի Արսենի Նեստերովի վարկանիշը 2567 է:

Մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանն էլ կանանց մրցաշարի մեկնարկային տուրում պարտության է մատնել ռուսաստանցի Յանա Ժապովային: Մարիամն անհատական վարկանիշով (2334) զիջում է միայն ռուսաստանցի Լեյա Գարիֆուլինային (2364):

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,5 միլիոն ռուբլի է, որը կբաժանվի լավագույն արդյունքի հասած 5-ական շախմատիստների միջև: Տղաների մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 500 հազար ռուբլով, աղջիկներինը՝ 300 հազար ռուբլի կստանա: