Ադրբեջանը փորձ է անելու փակել Լաչինի միջանցքը. Ռազմական գործողությունների վտանգ կա

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ճիշտ կլիներ նախօրոք՝ դիվանագիտական խողովակներով քննարկել այդ փաստաթուղթը, ինչ–որ պայմանավորվածության հասնել, հետո միայն ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգում ընդգրկվեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Լիհայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Արման Գրիգորյանն՝ անդրադառնալով Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ ՀԱԽ-ի հռչակագրին, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել։

«Եթե չէր ստորագրվելու այն, ուրեմն չպետք է ընդգրկվեր օրակարգում։ Հայաստանի կողմից փաստաթղթի չստորագրումը բավականին դժվար իրավիճակի մեջ դրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես դժգոհ էր այդ որոշումից, բայց Լուկաշենկոյի դժգոհությունից կարելի է շատ չանհանգստանալ, բայց Վլադիմիր Պուտինի դժհոգությունից պետք է անհանգստանալ։ Ես կիսում եմ այն տեսակետը, որ Հայաստանն իրավունք ունի ակնկալիքներ ունենա ՀԱՊԿ–ից, բայց այդ ֆորմատով, այդ մոտեցմամբ չի կարելի է նման հարցերի մասին մտածել։ Եթե դու ինչ–որ դեմարշ ես անում հակառակորդի, գործընկերոջ կամ էլ դաշնակցի դեմ, պետք է հաշվարկես, թե դեմարշի հետեւանքները ինչ են լինելու, կարո՞ղ ես այդ հետեւանքների տակից դուրս գալ, թե՝ ոչ, այլընտրանք ունե՞ս, թե՝ ոչ։ Տեսակետները, թե արդարացվա՞ծ էր Փաշինյանի զայրույթը, կամ ճի՞շտ էր նման կերպ վարվելը, քանի որ մեր ակնկալիքները չէին արդարացել, ուրիշ բնագավառի խոսակցություններ են, դրանք դիվանագիտությունից եւ քաղաքականությունից չեն»,– ասաց Արման Գրիգորյանը։

Քաղաքագետի համոզմամբ՝ մինչեւ տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր չի կնքվի։ Ավելին, նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վտանգ կա։

«Քանի դեռ խաղաղության բանակցություններում պրոգրես չկա՝ էսկալացիայի վտանգը մեծ է։ Ամեն անգամ, երբ ինչ–որ հարցում տարաձայնություն է լինում, Հայաստանից դիմադրություն է լինում, բնականաբար, Ադրբեջանը դիմում է ռազմական ճնշման, շանտաժի։ Որոշ լուրեր են պտտվում, թե սահմանային լարվածությունը կապված է Զանգեզուրի միջանցքի հետ, Հայաստանը դիմադրություն է ցույց տալիս, իսկ նրանք հավասարության նշան են դնում Զանգեզուրի միջանցքի պահանջի եւ Լաչինի միջանցքի պահպանման վրա։ Խոսակցություններ կան, որ Ադրբեջանը փորձ է անելու Լաչինի միջանցքը փակել, եւ դա բանակցության սակարկման առարկա դարձնել Զանգեզուրի միջանցքի հետ։ Նրանք Հայաստանի դիմադրությունը կոտրելու համար կարող են ռազմական գործողությունների դիմել, որպեսզի Հայաստանն ընդունի Ադրբեջանի պայմանները՝ խաղաղության պայմանագրի հարցում»,– ասաց Արման Գրիգորյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է աշխատել ռուսական առաջարկի շուրջ, որում Արցախի կարգավիճակի հարցն առկախված է մնում, իսկ Ադրբեջանն էլ հայտարարում է, թե Արցախի կարգավիճակի հարցը լուծված է, քաղաքագետը նկատեց՝ արդյո՞ք Ռուսաստանը ի վիճակի է Ադրբեջանին պարտադրել իր տարբերակը, արդյո՞ք Ուկրաինայում Ռուսաստանի դժվարությունների հետ է կապված Ադրբեջանի դիմադրությունը։

 «Եթե ռուսները չկարողանան ստիպել այդ տարբերակը Ադրբեջանին, չգիտեմ, թե ինչ է տեղի ունենալու ռուսական միջնորդական առաքելության եւ ռուսական տարբերակով խաղաղության պայմանագրի հետ»,– նշեց Գրիգորյանը։

Քաղաքագետն ընդգծեց՝ Ադրբեջանը օգտվում է Հայաստանի թույլ վիճակից եւ ամեն ինչ պոկելու քաղաքականություն է վարում։ Արման Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների թափը պահպանելու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչը մտահգության դրսեւորում էր։

 «Եթե բանակցությունները նորմալ հունի մեջ լինեին, նա նման հայտարարություն չէր անի։ Ինչ–որ բան հունից դուրս է եկել, որ Բլինքենը որոշել է հրապարակայնորեն հայտարարություն անել»,– ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ այս հարցում հիմնական խնդիրը ռուս–ամերիկյան մրցակցությունն է։

«Շատ հնարավոր է, որ Բլինքենի հայտարարությունը արձագանքն էր Սոչիի եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանի հայտարարությանը կամ տեղի ունեցած ինչ–որ գործընթացների։ ԱՄՆ–ն հիմա գուցե անհանգստացած է, որ Հայաստանն ու Ադրբեջանը նորից թեքվում են դեպի ռուսական միջնորդություն»,– ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում