Ալիեւի բարեկամների խորհրդավոր հավաք Երեւանում․ Ինչ են որոշելու

Մանրամասներ

1

ՀԱՊԿ մասնակից երկրների ղեկավարների երեւանյան հավաքից առաջ Մոսկվան ու Բաքուն հայերին հերթական անգամ հասկացրին, որ «Հայաստան-Ադրբեջան համակարտությունը ՀԱՊԿ-ին չի վերաբերում», իսկ ՀԱՊԿ-ի միջամտելու վերաբերյալ Երեւանի կոչերն ընդամենը սադրանք են։ Ալիեւն ասել է նաեւ, որ ՀԱՊԿ-ում Բաքվի բարեկամներն ավելի շատ են, քան Երեւանինը։

Ավելի վաղ, նույն բաներն ավելի մատչելի ու իրեն բնորոշ ոճով Նիկոլ Վովաեւիչին բացատրել էր Լուկաշենկոն՝ մեզ մի ներքաշիր խաղերի մեջ, ուրիշ անելիք չունե՞ս, ՀԱՊԿ-ը դրա համար չէ, քանի դեռ Բաքվի ղեկավարը մեր մարդն է, գնա հետը պայմանավորվիր։

Երեւանում սակայն խեղկատակությունն այս թեմայով շարունակվում է՝ Նիկոլ Վովաեւիչը դեռ համառում է՝ ՀԱՊԿ-ից հասցեական հայտարարություն ու օգնություն ակնկալելով, նրա հենակ ռուսանպաստ «ընդդիմությունն» էլ հայտարարում է, թե ՀԱՊԿ-ին լավ չեն դիմել, ճիշտ չեն դիմել։ Հայ հանրության մի զգալի մասն էլ բարկացած է, որ ՀԱՊԿ-ը չի օգնում։

Օգնության տակ հասկացվում է կանոնադրության 5-րդ կետը՝ երբ անդամներից մեկը հարձակման է ենթարկվում, մյուսներն օգնում են, այդ թվում՝ զորքով։ Թղթերով, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, ամեն ինչ կարգին է։ Խնդիրն այլ տեղում է՝ Ռուսաստանի եւ հարձակման, այսինքն՝ Ռուսաստանը ինչը կհամարի հարձակում, ըստ այդմ՝ ՀԱՊԿ գործողություններն էլ կբխեն դրանից։ Օրինակ, ըստ Մոսկվայի՝ Ղազախստանում այդ դեպքն էր՝ ինչ որ ուժեր ներքին անկայունություն են փորձել հրահրել, եւ ՀԱՊԿ-ում նախագահող Նիկոլ Վովաեւիչի հրամանով ՀԱՊԿ ուժեր ուղարկվեցին այնտեղ։ Հայ գեոպոլիտիկոսներն, իրենց հերթին, հիմնավորեցին, որ «Ղազախստանում ՌԴ-ն ուժեղ հարված է հասցրել պանթյուրքիզմին»։ Բայց Թուրքիայի ու Չինաստանի կոշտ պահանջներից հետո ՌԴ ու ՀԱՊԿ ուժերը նույն արագությամբ էլ փասա-փուսաները քաշեցին Ղազախստանից՝ «պանթյուրքիզմին հասցված հարվածը» մի կարգին չվայելած։

Հիմա գանք Հայաստանին։ Ռուսաստանը Հայաստանին հայերի պատկերացրածով պաշտպանելու լիներ՝ կպաշտպաներ, օրինակ՝ կհայտարարեր, որ Հայաստանի դեմ հարձակումը հարձակում է նաեւ Ռուսաստանի դեմ, կամ՝ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը պաշտպանելու են իրենց պատասխանատվության գոտու ամեն մի դյույմը, ինչպես հայտարարում են ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն։ ՌԴ-ՀՀ պայմանագրային բազան լիուլի բավարար է Հայաստանին նույնիսկ առանց պատճառի պաշտպանելու համար։ Իրականում, այդ պայմանագրերն ու ՀԱՊԿ-ը այլ բան են պաշտպանում՝ Ռուսաստանի ծրագրերը, տվյալ դեպքում՝ Հայաստանի դեմ իրագործվող ծրագիրը։

ՌԴ-ն, նրա հետ նաեւ ՀԱՊԿ-ը, Բաքվի ներխուժումները չեն համարում հարձակում Հայաստանի դեմ, այլ՝ սահմանային բախումներ վիճելի տարածքներում։ Հենց այս հիմնավորմամբ էլ ՌԴ-ն տապալեց ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դեմ ագրեսիայի հարցի քննարկումները, նշելով, որ հարցը կարգավորվելու է ՀԱՊԿ շրջանակում, որին դիմել է Հայաստանը։ Դա նշանակում է, որ Բաքվի ներխուժումները ծրագրում եւ առաջնորդում է Ռուսաստանը, ինչը սեպտեմբերի 13-ից հետո արձանագրվեց նաեւ միջազգային ամենաբարձր մակարդակով։

«Սահմանային բախումներ վիճելի տարածքներում» ձեւակերպումը նշանակում է, որ ՌԴ-ն եւ ՀԱՊԿ-ը չեն համարում, որ Հայաստանն ունի տարածք եւ սահմաններ, իսկ Բաքվի ներխուժումներն ու պաշտոնական Երեւանի դիմումը լիովին օրինական հիմք են տալիս ՀԱՊԿ շրջանակում կամայական սահմանազատման, միջանցքների եւ ՀՀ «նոր սահմանները» գծելու համար։ Սա Հայաստանին պարտադրվող «խաղաղ օրակարգն» է, որը ձեւակերպվելու է որպես ՀԱՊԿ օգնությունը Հայաստանին։

ՀԱՊԿ-ը Հայաստանի պարագային լիարժեք կառույց է՝ Հայաստանի միջազգային մեկուսացումն ապահովելու, սպառազինության մատակարարման եւ անվտանգության խնդիրների դիվերսիֆիկացիան թույլ չտալու համար։ Սա գործառույթների մի մասն է միայն։ ՀԱՊԿ-ից կառչելը ծանր հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար։

ՀԱՊԿ դերակատարության մասին մանրամասն՝ Ինչու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը «լռվել» Հայաստանում եւ ինչով է իրականում զբաղված

Սկզբնաղբյուր