Ալիևը կհանրայնացնի թակարդում գտնվող Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածությունները. Հոխիկյան. VIDEO

Մանրամասներ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն ըստ էության չի հերքել մամուլի տեղեկություններն առ այն, որ Հայաստանում Սիսիան-Քաջարան 60 կմ-անոց ճանապարհի կառուցման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ թուրքական ընկերություն է ներկայացրել. ՏԿԶ նախարարությունը, պարզապես հղում է արել Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526 որոշմանը և նշել, որ այդ որոշմամբ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերության անունը չի կարող տրամադրել՝ հաշվի առնելով գնումների գործընթացների գաղտնիությունը:

Նշենք, որ ՏԿԶ նախարարությունը հղում է արել Կառավարության այն որոշմանը, որով նախատեսված է Հայաստանից դուրս գտնվող ընկերությունների՝ մրցույթներին մասնակցելու կարգը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը նախ հիշեցրեց՝ ինքն ամիսներ առաջ ևս ահազանգել էր, որ թուրքական ընկերություններին կարող է տրվել Հայաստանում կառուցվող ճանապարհների ասֆալտապատման գործը, ապա հավելեց.

«Թուրքական «Քոլին Ինսաաթ» ընկերությունը մասնակցում է ասֆալտապատման աշխատանքներին՝ ինչպես Նաիջևանում, այնպես էլ՝ Արցախից Ադրբեջանի օկուպացրած տարածքներում, և, ստացվում է՝ այս թուրքական ընկերությունը ասֆալտը չի փռում միայն Սյունիքի այդ 47 կմ հատվածում։

Ուշադրության է արժանի այն, որ այս ընկերությունը ոչ թե Թուրքիայի սովորական քաղաքացու է պատկանում, այլ Էրդողանի մտերիմ մարդկանցից մեկին, և համարվում է Թուրքիայում քաղաքականություն թելադրող ընկերություն. կարելի է ասել, որ այս թուրքական ընկերության հիմնադիր Քոլօղլուն այսօրվա Հայաստանի Խաչատուր Սուքիասյանն է, և այս մարդու ընկերությունը եթե մուտք գործի Սյունիքի մարզ, մենք ունենալու ենք մի իրավիճակ, որ Իրանը Հայաստանին կապող այս ռազմավարական ճանապարհի վրա կառուցվելու են ռմբապաստարաններ, ռազմավարական օբյեկտներ, և ուզի թե չուզի, այդ կազմակերպությունն այդ աշխատանքներն իրականացնելու համար ունենալու է այդ բոլոր օբյեկտների քարտեզագրումը. քարտեզներ՝ ստացված Կառավարությունից»,- ասաց Հոխիկյանը՝ ընդգծելով՝ հետախուզություն իրականացնելով Հայաստանում՝ այդ տվյալները կտրամադրեն թուրքական իշխանություններին։

Մեդիափորձագետի խոսքով՝ Հայաստանի Կառավարության կողմից թուրքական ընկերության մուտքը Սյունիքի ասֆալտապատման ոլորտ պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանի կողմից թուրքական իշխանություններին տրված խոստումների համատեքստում, և, ինչպես իր հետ անձնական խոսակցություններից մեկի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ պաշտոնյաներից մեկը, Փաշինյանն այնքան է խրվել պայմանավորվածությունների և գործարքների մեջ, որ հիմա, եթե փորձի դրանից հրաժարվել, միևնույն է՝ թույլ չեն տա իրեն։

«Փաշինյանը թուրք-ադրբեջանական թակարդում է, հետևաբար՝ նրա դիմաց երբ դրվի, որ թուրքական ընկերությունը պետք է մասնակցի Սյունիքում ճանապարհների շինարարությանը, Փաշինյանը չի կարող դրանից հետ կանգնել,- ասաց Հոխիկյանը՝ հավելելով,- Ալիևը կհանրայնացնի Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածություններն այն պահին, երբ Փաշինյանը դադարի կատարել թուրք-ադրբեջանական պահանջները»։

Մանրամասները՝ տեսանյութում