Չեմ ուզում հավատալ, որ հարցը չի լուծվում, որովհետև Հայկ Մամիջանյանն իմ որդին է. VIDEO

Մանրամասներ

«Հերունու ազգային տիեզերական կենտրոն» նախագծի ղեկավար, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Արևիկ Սարգսյանն այն կարծիքին է, որ Հայաստանի կառավարությունը չի ուզում աշխատել:

«Բարձր պաշտոնյաներն իրենց աշխատավայրերում աթոռներին նստած՝ պարզապես ժամանակ են վաճառում: Չի լուծվում որևէ հարց, որը քաղաքական կամքի դրսևորում է պահանջում: Այդ հարցերից մեկն էլ Հերունու կենտրոնի ձևավորումն է: Այնպես է ստացվել, որ 2012թ. Պարիս Հերունու գիտական ժառանգությունը գտնվում է Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» (ՍՉԱՄ) տնօրինության տակ: Այդ հիմնարկությունը շատ կարևոր ֆունկցիաներ ունի, օրինակ՝  գազի, ջրի, էլեկտրաէներգիայի հաշվիչներին հետևել, կշեռքներին հետևել Հայաստանով մեկ, ինչը շատ կարևոր գործողություն է: Ես չեմ ուզում և իրավունք էլ չունեմ քննարկել, թե նրանք իրենց այդ գործն ինչպես են կատարում, բայց ի թիվս այդ բաների, նրանց բախտ է վիճակվել Արագածի գիտական կենտրոնը տնօրինել, որտեղ ռադիոդիտակն է գտնվում և անտենային չափումների ազգային էտալոնները՝ Պարիս Հերունու հիմնարկի կողմից ստեղծված: Այդ ամենը համարվում է պետության կողմից պահպանվող պատմամշակութային արժեք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա նշեց, որ լուրջ բիզնես հայեցակարգի մակարդակով մշակված ծրագիր են ներկայացրել, որն առաջիկա 5 տարիների ռազմավարություն և գործողությունների պլան է առաջարկում և ենթադրում է վերականգնել այն ամենը, ինչ կար դեռ Սովետական Միության ժամանակներում և դրանից հետո. «Առաջին հերթին, խոսքը ռադիոդիտակի վերագործարկման մասին է: Գիտության զարգացման համար ֆինանսական բաղադրիչը կարևոր է, բայց ամենակարևոր բանը, որը փողով չի գնվում, գիտական դպրոցների առկայությունն է: Հայաստանում դեռ պահպանված մի քանի ուղղությամբ գիտական դպրոցները, այդ թվում՝ Հերունու ստեղծած պոլիտեխնիկում, և այսօր զարգանալ շարունակող անտենային տեխնիկայի գիտական դպրոցը պետք է զարգացնել: Հերունու գիտական դպրոցը ստիպում են՝ մահանա, փոշիանա, բայց թույլ չենք տա, մենք պայքարող տեսակն են, և մեր առաջարկը նորից ու նորից կներկայացնենք այս կառավարությանը»:

Պրոֆեսորը հիմարություն որակեց այն դիտարկումները, թե ռադիոդիտակի վրա նախագծային սխալներ կան և այն վերականգնման ենթակա չէ. «Այդ ամենի նպատակն այն է, որ համարվի անաշխատունակ և ջարդեն՝ վաճառեն՝ որպես մետաղական ջարդոն, ինչը 2015թ. արդեն մտադիր էին անել, և շնորհիվ մեր ջանքերի՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ կարողացանք ներկայացնել խնդիրը, եղավ գիտական կոմիտեի աշխատանքային խումբ, եզրակացություն, ըստ որի՝ նշվեց, որ պետությունը չունի գումար վերագործարկման համար, առաջարկվեց դրսում փնտրել միջոցներ, բայց ռադիոդիտակի հիման վրա գիտական, կրթական կենտրոն ստեղծելու գաղափարն առաջարկվեց: Այդ եզրակացությունն ունի ևս մի կետ, որը պարզապես ամոթալի է. գրված է, որ Հայաստանում ռադիոաստղագիտության գիտական դպրոց չկա, ռադիոաստղագետներ չկան, ըստ այդմ՝ նպատակահարմար չէ ունենալ ռադիոդիտակ: Ամոթ է նման բանը գիտնականների կողմից ասել, որովհետև եթե չկա էլ ռադիոաստղագետ Հայաստանում, դա չի նշանակում, որ ռադիոդիտակ չպետք է ունենանք և չենք կարող հրավիրել աշխարհի տարբեր ռադիոաստղագետների, որոնք հերթ են կանգնած: Մենք ունենք շատ լուրջ գիտական միջազգային փորձաքննություն՝ ռադիոդիտակի վիճակի և վերագործարկելու վերաբերյալ դրական կարծիք»:

Հարցին՝ արդյո՞ք կառավարության վերաբերմունքի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնում է՝ հաշվի առնելով, որ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը իր որդին է, Արևիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես հպարտ եմ, որ Հայկ Մամիջանյանի մայրն եմ: Շատերն են ինձ տարբեր տարիների ասել, որ հարցը քաղաքական է: Մեր բոլոր միջազգային գործընկերները, վերջերս, այլ բացատրություն չգտնելով կառավարության հետ մեր այս հարաբերություններին, ասում են՝ հարցը, ըստ երևույթին, քաղաքական է և չի լուծվի, մինչև կառավարություն չփոխվի: Ես չեմ ուզում հավատալ, որ մեր կառավարությունն այս աստիճանի ապիկար ու հիմար է, ներողություն արտահայտության համար: Եթե դա պայմանավորված է իմ որդու անձով՝ որպես փոխկապակցված անձ, ապա շատ ամոթ է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում