Ընդդիմությունը մինչև Քոչարյանից չհրաժարվի, ոչնչի չի հասնի. ժողովուրդը վերաբերմունքը նրա հանդեպ չի փոխել

Մանրամասներ

1

ՀԺԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գրիգոր Հարությունյանի կարծիքով՝ խորհրդարանական ընդդիմությունը վերադարձել է Ազգային ժողով, որպեսզի պատգամավորները ներկա ստանան ու աշխատավարձից չզրկվեն: «Ուրիշ ոչ մի պատճառ չունեն»,- ասում է նա:

Դիտարկմանը՝ այսինքն՝ առջեւում Նոր տարին է, գումար է հարկավոր, դրա՞ համար, Հարությունյանն արձագանքում է․ «Չգիտեմ՝ ինչ ծախսեր պիտի անեն, գուցե միտինգների ծախսե՞րը պիտի հանեն։ Ո՜վ է իմանում»։ 

Ընդդիմադիրները հայտարարում էին, որ սեփական օրակարգով են վերադառնալու ԱԺ, մինչդեռ արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ-ում են, հասցրել են բոյկոտել եկող տարվա բյուջեի նախագծի քննարկումները, ձեռնպահ քվեարկել որոշ նախագծերի եւ այլն: Հարցին՝ ո՞րն է այդ սեփական օրակարգը, զրուցակիցն ասում է՝ չենք տեսնում այդ օրակարգը, քանի որ այն գոյություն չունի։

«Գոյություն չունեցող բանը հնարավոր չէ նկատել։ Նրանք մինչեւ Քոչարյան Ռոբերտից չհրաժարվեն, ոչնչի չեն կարող հասնել։ Հայ ժողովուրդը իր վերաբերմունքը այդ անձի հանդեպ չի փոխել եւ չի պատրաստվում փոխել։ Մինչդեռ իրենք Քոչարյանից հրաժարվել չեն կարող»,- ընդգծում է նա:

Խոսելով Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարության մասին, թե «Փաշինյանը ստորագրել է միջանցքը»՝ Հարությունյանը կոշտ է արձագանքում․ «Սու՛տ է ասում Զատուլինը, ինքը  ստորագրողների կողքները նստա՞ծ է եղել։ Եթե ՀՀ ղեկավարությունը ստորագրել է, ապա թող ցույց տան՝ որտեղ, երբ ու որ փաստաթղթով։ Փաշինյանն էլ պնդում է՝ չի ստորագրել նման բան, եւ չի կարող լինել միջանցք։ Թող ցույց տան Փաշինյանի ստորագրած որեւէ նման թուղթ, այդ ժամանակ էլ ես իմ վերաբերմունքը կարտահայտեմ նրա նկատմամբ։ Գոյություն ունի նոյեմբերի 9-ի հայտարարություն, որտեղ «միջանցք» տերմինը գործածվում է միայն Լաչինի միջանցքի դեպքում, եւ այդ մասին քանիցս հայտարարվել է անցած երկու տարիների ընթացքում։ Միջանցք չի՛ եղել ու չի՛ լինի, բացառվում է»:

Ըստ նրա՝ այսօր թե՛ հարեւան Իրանը, թե՛ Հնդկաստանը եւ այլ տարածաշրջանային շահառուներ շահագրգռված են Հյուսիս-հարավի կառուցմամբ, ճանապարհների ապաշրջափակմամբ. «Առիթն օգտագործեմ եւ ասեմ, որ ես Մեղրիից Երեւան եմ գալիս, ճանապարհին բավականին աշխատանքներ արվել են»։  

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ առաջիկա այցին, զրուցակիցը կեսկատակ ասում է․ «Բա պիտի գա, իհարկե, գագաթնաժողովի շրջանակներում է այցը։ Ուրիշ տեղ չի գնում, էստեղ է՞լ չգա»։ 

Անդրադառնալով այցին ընդառաջ ՀՀ-ում առկա տրամադրություններին, կարծիքներին, թե՝ մեր երկիր է գալիս «մարդասպան ղեկավար», եւ դեմոկրատական Հայաստանի անունը ողջ աշխարհում հոլովվելու է այդ՝ քաղաքակիրթ աշխարհի մերժած մարդու անվան կողքին՝ Հարությունյանն անմիտ, հիմար խոսակցություններ է որակում դրանք:

«Այսօր Արցախում ո՞վ է երաշխավորում տեղի բնակիչների անվտանգությունը։ Չեմ ասում՝ ճիշտ էր կամ սխալ էր այն ամենը, ինչը բերեց-հասցրեց սրան՝ խաղաղապահների տեղակայմանը, բայց եկեք հաշվի նստենք առկա իրողությունների հետ։ Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում՝ «մարդասպան» է. ՌԴ-ն էլ ունի իր հիմնավորումները, թե ինչու սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Ես հիմա չեմ խոսում այդ հիմնավորումների ճշմարտացի լինել-չլինելու մասին, բայց կարող եմ արձանագրել՝ զարգացումները ցույց տվեցին, որ գործ ունենք ավելի խորքային պրոցեսի՝ ՌԴ-Արեւմուտք դիմակայության հետ։ Մի մոռացեք նաեւ, որ այսօր ՌԴ-ում մոտ 3 միլիոն հայ է ապրում»,- ասում է նա:

Հարությունյանը Պուտինի եւ ՀԱՊԿ մյուս անդամ երկրների առաջիկա այցից որեւէ ակնկալիք չունի, մասնավորապես՝ չի կարծում, թե ՀՀ-ի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային կտրվի հստակ, կոնկրետ գնահատական։ «Չի տրվի նման գնահատական, ես հույս չունեմ, քանի որ Ադրբեջանն այսօր Ռուսաստանի, նաեւ ՀԱՊԿ մյուս անդամների համար ավելի մեծ կարեւորություն ունի, քան դաշնակից Հայաստանը։ Թե ինչո՞ւ, շատ երկար խոսակցության թեմա է»,- ընդգծում է նա:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում