Եվրոպան չափազանց կախված է Չինաստանի տեխնոլոգիաներից. Ֆինլանդիայի վարչապետ

Մանրամասներ

Ներկայումս Եվրոպան չափազանց կախված է Չինաստանի տեխնոլոգիաներից եւ պետք է զգուշանա այդ կախվածությունից։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, հաղորդում է Reuters-ը։

«Եկեք անկեղծ լինենք, մենք արդեն խոցելիություններ ունենք։ Մենք դա զգում ենք չիպերի կամ կիսահաղորդիչների համատեքստում, մենք չափազանց կախվածություն ունենք»,-ասել է Մարինը՝ ելույթ ունենալով Հելսինկիում անցկացող ամենամյա Slush միջոցառմանը։

Ըստ նրա՝ Եվրոպան կարող է դասեր քաղել ռուսական էներգիայից իր կախվածությունից, որը հանգեցրել է շարունակվող էներգետիկ ճգնաժամի, ինչպես նաեւ կորոնավիրուսի համավարակի ժամանակ նկատվող բժշկական պարագաների պակասի։

«Մենք պետք է համոզվենք, որ ունենք հնարավորություններ եւ գիտելիքներ այդ տեխնոլոգիաները ստեղծելու համար, որպեսզի մենք կախված չլինենք Չինաստանից եւ այլ ավտորիտար երկրներից»,-հավելել է նա։