Չկա ռուսական, ամերիկյան տարբերակ, կա ադրբեջանական և հայկական տարբերակ․ՀՀ փոխարտգործնախարար

Մանրամասներ

1

Չկա ռուսական,  ամերիկյան, եվրոպական տարբերակ, կա հայկական և ադրբեջանական տարեբերակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի նախագծերին:

«Արտգործնախարարների մակարդակով այժմյան բանակցությունները ընթանում են այս մոտեցումների շուրջ։ Բանակցվում են այն հիմնական սկզբունքները, որոնց շուրջ պետք է կառուցվեն երկու երկրների փոխահարաբերությունները»,- ասաց փոխարտգործնախարարը։

Խոսելով շրջանակային պայմանագրի մասին՝ Հովհաննիսյանը ասաց, որ դա այն սկզբունքների հավաքածուն է, որի վրա պետք է կառուցվեն երկու երկրների հարաբերությունները։

«Այն ընդգրկում է տարածքային ամբողջականության ճանաչում այն ձևաչափով, որով երկրները ճանաչել են իրենց տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի համաձայնագրով։ Փաստաթուղթը կազմված է ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմա Աթայի փաստաթղթերի և այն փաստաթղթերի վրա, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ընդունել են։ Մենք երբեք տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցը չենք կապել Լեռնային Ղարաբաղի հետ, մենք այդ խնդիրը երբեք չենք դիտարկել որպես տարածքային պահանջատիրության հարց։ Նախկինում մենք ունեինք ԼՂ հարց, հիմա ունենք Հայսատանի տարածքային ամբողջականության հարց»,- ասաց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով ԵՄ դիտորդների աշխատանքին և հարցին՝ ի՞նչ արձանագրումներ են այս ընթացքում արել, փոխարտգործնախարարը ասաց․

«Մենք չեք կարող ասել, թե ինչ են արձանագրել, նրանց աշխատանքը շարունակվում է, պարբերաբար պատրաստում են իրնեց զեկույցները, մենք չենք կարող նրանցից մամուլի հաղորդագրություններ ակնկալել և այլն, իմ տեղեկությունների համաձայն՝ նրանք իրենց աշխատանքը բավականին արդյունավետ են անում»։