Էս գործի լավն էն ա, որ խիղճդ հանգիստ է լինում․ hetq.am

Մանրամասներ

1

Դաշտում երեւացող ոչխարները կարծես ասեղնագործություն լինեն չորացած խոտերին: Մեր մոտենալուն զուգահեռ հոտը աստիճանաբար հեռանում է: Գեղաձորցի Հակոբն իր ձիու՝ Տարզանի հետ մոտենում է մեզ: Կանաչ թիկնոց-անձրեւանոցը մաշվել է: Հակոբի դեմքը կարմրած է հազար քամուց ու անձրեւից, իսկ աչքերը՝ մի տեսակ տխուր:

Մեզ մոտենալուց ժպտում է, բայց ժպիտի մեջ էլ տխրություն ես զգում: Տարզանի կապը պահել է ձեռքին: Ձին աղմուկով պոկում է չորացած խոտերն ու ծամում: Դժվար է հասկանալ Հակոբի տխրությունը:

Հակոբը Տարզանին այս գարնանն է գնել 320 հազար դրամով: Պարտքը դեռ չի տվել: Ձիու տերն էլ չի շտապեցնում, երեւի գիտի Հակոբի ազնվությունը: Բայց սա Հակոբի միակ պարտքը չէ: 

Հակոբ Աբրահամյանը Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղից է: Այդտեղ է ծնվել-մեծացել: 7 տարեկանից գյուղի անասուններն էր պահում ամառային արձակուրդներին: Հիմա 52 տարեկան է ու իր գործին է արդեն 45 տարի:

Փոքր ժամանակ երազանքներ է ունեցել ու չի էլ մտածել, որ տարիները գումարվելու են իրար ու ինքը մնալու է դաշտերում ու սարերում:

Մեր հանդիպման օրը գայլ էր հարձակվել Հակոբի վրա: Առանց շան հոտը հսկող հովիվը ձեռքի փայտով կարողացել էր կենդանուն քշել: Ասում է, որ 5 տարի առաջ իր հոտից մի ոչխար էր կերել գայլը, դրանից հետո էլ նման դեպք չի եղել:

Ժամանակին Հակոբը պահում էր Գեղաձորի 700 գլուխ ոչխարից կազմված հոտը, հիմա հոտը նոսրացել է, մնացել է մի բակաչափ ոչխար: Ասում է՝ ճանաչում է իր ոչխարներին. եթե պատահական ուրիշ գյուղի հոտի խառնվեն, ինքն անգիր գիտի, թե որոնք են իր հոտից:

Փայտին հենված նայում է ամայի դաշտին: Քամի չկա, բայց ցուրտ է: Ասում է՝ ամենադժվարը անձրեւի ու կարկուտի ժամանակ բաց դաշտում լինելն է: Այդ պահերին երազում է տանը լինել ու մի տաք անկյունում նստել: Բայց անձրեւի տակ այդ երազանքն էլ ջրվում է, անէանում:

Հակոբը 4 երեխա ունի՝ երկու աղջիկ եւ երկու որդի: Աղջիկներն ամուսնացել են, երեք թոռ ունի: Որդիներից ավագը՝ 28-ամյա Գեւորգը, գյուղի նախիրն է պահում: Հայր ու որդի նույն դաշտում են: Զրույցի ժամանակ ձայն է տալիս Գեւորգին, որ ոչխարներին նայի: Դրանք արդեն շատ էին հեռացել մեզնից:

Հիմա Հակոբի ամբողջ  անհանգստությունը փոքր որդու՝ Վարդանի առողջությունն է: Տղան 15 տարեկան է: Մինչեւ հիվանդության հայտնաբերումը հոր եւ եղբոր օգնականն էր, նրանց հացն ինքն էր դաշտ տանում, արձակուրդներին օգնում էր:

«Իմ դաշտի ընկերն էր Վարդանը»,- մեղմ ժպտում է հայրը ու նրա կարմրած այտերի պես կարմրում են աչքերը:

Երկսենյականոց տան փոքր միջանցքում վառարանի մոտ նստած է Վարդանը: Ասում է, որ ապագայում տունը պիտի մեծացնի: Իսկ հիմա երազում է համակարգիչ ունենալ, որ խաղեր խաղա: Երբ ժամանակ է ունենում, նկարում է, թելերով գործում: Ամենից շատ բնությունն է սիրում նկարել, բայց ամեն անգամ նկարելուց հետո թուղթը պատռում է: Ժպտում է ու չի պատասխանում, թե ինչու է դա անում:

Հյուրասենյակի պատը խոնավությունից բորբոսնել է: Մահճակալի տակ մոր՝ Հասմիկ Հակոբյանի նոր պահածոներն են:

Մինչեւ Վարդանի հիվանդանալը մայրը գյուղում 5-6 կով էր կթում, մի կով կթելն ամսական 3000 դրամ է: Ասում է՝ իրենց ընտանիքն աշխատող է, սովոր չէ մեկից մի բան վերցնել:

Հիմա Վարդանի հետ հաճախ Երեւան են գնում-գալիս բուժման համար: Նախորդ տարվա դեկտեմբերին Վարդանի գլուխը վիրահատել են: Հիմա գլխարկով է: Տղան ասում է, որ մինչեւ վիրահատությունը սրտխառնոց ուներ, հետո անցավ: Հիմա 45 օրը մեկ 3-4 օրով Երեւան է գնում, բուժում ստանում:

Բայց մայրաքաղաք հասնելն էլ այլ դժվարություն է: «Կիջնինք շոշ, պապուտնի կերթանք: Կերթամ Ապարան, էդ Ապարանի «Գազել»-ներով կերթամ: Սաղ օր ճամփեքին եմ»,- ասում է տիկին Հասմիկը: Ինքն էլ երիկամների խնդիր ունի, բայց հիմա նպատակը Վարդանի արագ առողջանալն է: Տղայի ամբողջ բուժումն անվճար է, եւ ընտանիքը շատ գոհ է բուժանձնակազմից:

Դաշտում հոտն ու նախիրը դեռ արածում են: Հեռվից չեն երեւում Հակոբն ու Տարզանը: Հովիվ Հակոբն այս տարվա գործը կավարտի նոյեմբերին, իսկ հետո կկարողանա նստել վառարանի մոտ ու զրուցել որդիների հետ, տիկին Հասմիկն էլ կմաքրի կարտոֆիլն ու կդնի վառարանին:

Իսկ եկող տարվա մարտ-ապրիլին Հակոբը նորից հոտը դաշտեր կքշի ու կգնա դեպի սարերը: «Էս գործի լավն էն ա, որ խիղճդ հանգիստ է լինում»,- ասում է գեղաձորցի հովիվը: Ու գուցե հենց հաջորդ տարի նրա դաշտի ընկերը՝ Վարդանը, կազդուրված լինի եւ հոր ու եղբոր համար հաց տանի սարեր:

hetq.am