Պուտինի այցից առաջ ընդդիմությունը որոշեց վերադառնալ խորհրդարան. Ձևականությունների ժամանակը չէ՝ Ռուսաստանի հետհաշվարկը սկսել է

Մանրամասներ

Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստվում է նոր ելույթ ունենալ, այս անգամ Հանրայինի եթերում։ Կասկած չկա, որ այն լինելու է նոյեմբերի 10-ին կառավարության նիստում մանիպուլյատիվ բառախաղերի ու ակնհայտ կեղծիքների շարունակությունը։

Նոյեմբերի 10-ի ելույթը հետեւեց Ալիեւի նոյեմբերի 8-ի հիստերիկային եւ երաշխիք էր նրան, որ Փաշինյանի կառավարությունը հավատարիմ է ստանձնած հանձնառություններին՝ Արցախը եւ 1921 թվականի Մոսկվա/Կարսի պայմանագրերով Ադրբ. ԽՍՀ հովանավորության տակ գտնվող ազգային հայկական միավոր՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն պրոտեկտորատը հանձնել ներկայիս Ադրբեջանական Հանրապետության լիակատար ինքնիշխանությանը՝ Բաքվի պայմաններով խաղաղության պայմանագրի եւ առնվազն ներկայիս շփման գծով սահմանազատման միջոցով։

Ալիեւը նորից է սպառնալիքներ տեղացել, այս անգամ՝ Սամարղանդում թյուրքական պետությունների նիստում։ Երեւում է՝ Փաշինյանի երաշխիքների վերահաստատման կարիք է զգացել, ինչի համար էլ Փաշինյանը որոշել է հարցազրույց տալ։

Փաշինյանի ելույթների ինտենսիվությունը հուշում է գործընթացների արագացման մասին։ Ուշադրության արժանի է կառավարության նիստի նրա ելույթի նախօրեին հայկական թերթերից մեկի հրապարակումը, որտեղ նշվում էր, թե չնայած համաձայնությունների բացակայությանը, Սոչիից Փաշինյանը լավ տրամադրությամբ է վերադարձել, չի թաքցրել ոգեւորությունը թիմակիցների հետ հանդիպմանը եւ ասել է, որ ամենակարեւորը՝ ստատուս քվոյի պահպանումն է։ Ռուսաստանում էլ գոհ են մնացել Փաշինյանի պահվածքից։ Թերթը գրել էր նաեւ, որ Ալիեւին Փաշինյանը պատասխանելու է կառավարության նիստում։

«Պատասխանը» եղավ։ Երեւում է՝ մնացել են «բացթողումներ»։ Օրինակ՝ Փաշինյանի հիշատակած Հադրութի փախստականների հարցը, որին Բաքվի մամուլն անմիջապես արձագանքեց, նշելով, որ նրանց սիրով կընդունեն, եթե նրանք ցանկություն հայտնեն դառնալ «Ադրբեջանի» քաղաքացի։ Փաշինյանն ըստ ամենայնի կանդրադառնա այս հարցին։ Քպ-ականների ղեկավար վարչապետը, իբրեւ նոյեմբերի 10-ի ելույթի շարունակություն, ինտեգրացիայի եւ բարիդրացիության կոչ կանի երկքաղաքացիության ոգով։

Փաշինյանի նոյեմբերի 10-ի ելույթը ամենայն հավանականությամբ գրվել է ՌԴ նախագահականին մոտ կանգնած շրջանակում, իբրեւ Սոչիի խեղկատակության թույլատրված շարունակություն («Պուտինը ցանկանում էր հայանպաստ կետեր մտցնել համատեղ հայտարարության մեջ») եւ Պուտինի առաջիկա հայտարարված այցի նախապատրաստական ագիտացիա։

Պատահական չէ, որ Փաշինյանի «տիտղոսակիր ընդդիմությունը» լուռ է նրա երեկվա ելույթի կապակցությամբ, իսկ լռությունը տվյալ պարագային հավանության նշան է, թեեւ մի քանի հոգի արդեն իսկ դրական են արտահայտվել։ Եվ դա բնական է՝ երկուսն էլ սպասարկում են նույն ծրագիրը։ Ինչպես ձեւակերպել է ընդդիմության գեներալ-խմբակցապետը՝ հայերի ապագան Մոսկվա-Բաքու-Երեւան ծիրում է։ Պատահական չէ նաեւ, որ Պուտինի այցից առաջ ընդդիմությունը որոշեց վերադառնալ խորհրդարան։

Նոր դիրեկտիվը Կրեմլից իջեցված է՝ ազգային կոնսենսուս։ Ձեւականությունների ու բալագանի ժամանակը չէ՝ Ռուսաստանի հետհաշվարկը սկսել է։

Սկզբնաղբյուր