ՔՊ-ում դեմ են, որ Միքայել Մինասյանի եղբայրը դառնա նախարար. Փաշինյանը ձգում է ինտրիգը, որ հասկանա

Մանրամասներ

«Հրապարակը» գրում է. «Հոկտեմբերի 5-ին Կարեն Անդրեասյանն ազատվեց արդարադատության նախարարի պաշտոնից՝ գործուղվելով ԲԴԽ: Մեկ ամսից ավելի է, սակայն, նախարարի պաշտոնը թափուր է։ Փոխնախարար Գրիգոր Մինասյանը՝ Գիգիշը, ժամանակավորապես կատարում է նախարարի պարտականությունները եւ ջանք չի խնայում` ցույց տալու, որ ինքն է ամենաարժանի նախարարացուն։ Գրել էինք, որ ՔՊ-ում կատեգորիկ դեմ են Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբորը՝ նախկին ՀՀԿ-ական Գրիգորին նախարար նշանակելուն, թեպետ եղբայրները հայկական իրականությունում հայտնի են որպես «Սարոյան եղբայրներ»:

Եվ ՔՊ ֆրակցիայի ակտիվ մի խմբակ լոբբինգ է անում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: Փաշինյանին փորձում են համոզել, որ ոչ միայն թիմում, այլեւ հանրության մեջ Մինասյանի նշանակումը լավ չի ընդունվի։

Մեզ պատմեցին, որ մինչեւ ՔՊ վարչության ընտրությունների կեղծումը ՔՊ նշված խմբակը գրեթե ամենօրյա ռեժիմով հավաք է արել ու քննարկել, թե ինչ մեխանիզմներով տապալի Մինասյանի նշանակումը: Անգամ վարչապետին մեսիջ են հղել, որ այդ նշանակումը կարող է սուր հակամարտություն հրահրել կառավարություն-ԱԺ հարաբերություններում։

Խմբակցության եւ Փաշինյանի միջնորդը եղել է Արփի Դավոյանը, ով պետաիրավականի անդամ է եւ, թերեւս, հույս ունի, որ Վարդանյանի՝ նախարար նշանակվելուց հետո կզբաղեցնի նրա տեղը։ Սակայն Փաշինյանի որոշումը, ասում են, անսասան է, քանի որ  Անդրեասյանը հեռանալուց հետո նաեւ մտերիմ ընկերոջ` Գրիգոր Մինասյանի հարցն է լուծել, իսկ Փաշինյանը ձգում է ինտրիգը, որ հասկանա, թե թիմում ով ինչ հավակնություններ ունի եւ ինչի է ընդունակ»: