Էլեկտրոնային ծխախոտները մեծացնում են ինսուլտի եւ ինֆարկտի վտանգը

Վեյպերների 4.2 տոկոսը խոստովանել է, որ ինսուլտ է տարել

ա

Գիտնականները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտ ծխելու վտանգները: Ինչպես պարզվել է, էլեկտրոնային ծխախոտներով տարվելը սպառնում է ինսուլտով, ինֆարկտով եւ սրտի իշեմիկ հիվանդությամբ: Դա է վկայում Հոնոլուլու քաղաքում կայացած Ինսուլտի դեմ պայքարի ամերիկյան ասոցիացիայի միջազգային համաժողովում ներկայացված ուսումնասիրությունը:

Գիտնականները վերլուծել են ԱՄՆ-ի 400 հազար բնակիչների տվյալները: Մոտ 66,795 հարցվողներ ընդունել են էլեկտրոնային ծխախոտից իրենց ամենօրյա կախվածությունը: Պարզվել է, որ վեյպերի սիրահարների մոտ ինսուլտի վտանգը 71 տոկոսով, սրտի կաթվածը կամ ստենոկարդիան` 59 տոկոսով ավելի բարձր էր նրանց համեմատ, ովքեր երբեք չեն օգտագործել տվյալ ապրանքատեսակը: Բացի դրանից, վեյպերների 4.2 տոկոսը խոստովանել է, որ ինսուլտ է տարել։

Վեյպերին նվիրված գիտնականների մեկ այլ ուսումնասիրություն անցկացրել է Հարվարդի Տ. Չանի առողջապահության դպրոցը (Harvard T.H. Chan School of Public Health): Գիտնականները պարզել են, որ երկու քիմիական նյութերը, որոնք լայնորեն կիրառվում են որպես արամատիզատորներ, կարող են խաթարել մարդու շնչառական ուղիների էպիթելային թարթիչիկների ֆունկցիան։

Թարթիչիկները կարեւոր դեր են խաղում բրոնխները եւ շնչափողը լորձից եւ փոշուց մաքրման գործում, եւ դրանց ֆունկցիաների խանգարումը կարող է հանգեցնել ասթմայի եւ քրոնիկական օբստրուկտիվ թոքային հիվանդությունների զարգացմանը (ՔՕԹՀ):

Տվյալ ուսումնասիրությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում։