Քոչարյանը ցուցում է տվել պաշտպանության նախարարին, որպեսզի նա ապահովի բանակի չեզոքությունը

Երկրորդ նախագահը շուրջ 2 ժամ ելույթ է ունեցել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանում իր խափանման միջոցի հարցի քննությանը շուրջ երկու ժամ ելույթ է ունեցել և մանրամասն ներկայացրել 2008թ. Մարտի 1-ի իրադարձություններից առաջ բանակում ստեղծված իրավիճակի, ԵԿՄ–ում առաջացած խմորումների, ինչպես նաեւ՝ հայտնի «0038» հրամանի մասին։

Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ այդ օրերին տեղեկատվություն էր ստացվում, որ բանակում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակայիննները միանան ցուցարարներին։ Խոսվում էր, որ նրանց պետք է միանային նաև պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը՝ ԵԿՄ ղեկավարն էր։ ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, որպեսզի երկրապահ կամավորականներն էլ միանային ցուցարարներին:

Երկրորդ նախագահը պատմել է, որ ստեղծված իրավիճակի պայմաններում հրավիրել է բանակի հրամանատարական կազմին և ցուցում տվել պաշտպանության նախարարին. «Նա ասել է՝ գնացեք, ապահովեք, որ բանակն այս պրոցեսներին հանկարծ չխառնվի։ Բացի այդ, ասվել է, որ այն բարձրաստիճան սպաներն, ովքեր որ պատրաստվում են շարունակել իրենց ծառայությունը բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում սկսված այդ պրոցեսներին մասնակցելուց, հակառակ դեպքում կարող են բանակից դուրս գալ և գնալ ԵԿՄ-ում շարունակել իրենց քննարկումները»:

Ալումյանը հայտնեց, որ Քոչարյանն իր ելույթում անդրադարձ է կատարել նաև «0038»  հրամանին։

««0038» հրամանին ծանոթանալուց հետո պարոն Քոչարյանը ևս մեկ անգամ հստակ ընդգծել է, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ այդ հրամանը ո՛չ իր, ո՛չ Լևոն Տեր–Պետրևոսյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ, երբևիցե նման հրամանները չեն ուղակվել նախագահական, որպեսզի նա այդ հրամանին ծանոթանա կամ իր հավանությունը տա, կամ այդ հրամանը պահի իր մոտ»,– պատմեց նա։

Ալումյանի խոսքով՝ երեք նախագահների պաշտոնավարման ժամանակաշրջանում չի եղել նման օրենքի պահանջ կամ ընդունված պրակտիկա, որպեսզի պաշտպանության նախարարների հրամաններն ուղարկեն նախագահական նախապես համաձայնեցնելու կամ հրամանն արձակվելուց հետո այն ուղարկեն ի գիտություն։