Առաջիկայում վառելիքի շուկայում վստահաբար կլինեն նոր խաղացողներ

Ներկա բոլոր մասնակիցները իրենց բոլոր ռեսուրսները պետք է օգտագործեն խելամիտ գին առաջարկելու համար

Առաջիկայում վառելիքի շուկայում վստահաբար կլինեն նոր խաղացողներ։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։«Բոլորը գիտեն, որ վառելիքի շուկաներն այլեւս արհեստական մենաշնորհներով այլեւս չեն կառավարվում, արտասահմանյան ընկերությունները հետաքրքրված են, եթե ոչ այսօր, ապա առաջիկայում վստահաբար կլինեն նոր խաղացողներ»,–նշեց նա։

Վառելիքի գների մասով էլ նախարարը նշեց. «Վերջին շրջանում նկատվում է վառելիքի գնի նվազեցում, դրա մի մասը պայմանավորված է միջազգային շուկաներում գների փոփոխությամբ, մի մասը պայմանավորված է այն սպասումներով, որ ներկայումս մրցակցությունը ավելի բարձր է եւ ավելի ազատական են շուկաները»։

Տիգրան Խաչատրյանը շեշտեց՝ ներկա բոլոր մասնակիցները իրենց բոլոր ռեսուրսները պետք է օգտագործեն խելամիտ գին առաջարկելու համար, որպեսզի մնան շուկայում։