Հանքերի իրական սեփականատերերի բացահայտման հետ կապված մեծ աշխատանք է կատարված

Էներգետիկայի փոխնախարարը զրուցել է լրագրողների հետ

Մեծ աշխատանք է կատարվել հանքերի իրական սեփականատերերի բացահայտման հետ կապված, օրենքի նախագիծն արդեն մշակված է, նախատեսում ենք, որ ապրիլ-մայիսից այն պետք է մտնի ուժի մեջ: Այս մասին Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանը` հավելելով, որ օրենքի   նախագիծը  հիմա կառավարությունում է, շուտով կուղարկվի Ազգային ժողով:
«Օրենքը քաղհասարակությանն է շատ բան տալու, նաև՝ պետությանը: Օրենքը պարտադրելու է այդ ընկերություններին բացահայտել իրենց իրական սեփականատերերին, ընդհուպ մինչեւ վերջին ֆիզիկական անձը, որը կանգնած է ընկերության հիմնադիրների ակունքներում: Այդ թվում նաեւ օֆոշորային ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին»,-շեշտեց փոխնախարարը:

Վարդան Գևորգյանը տեղեկացրեց, որ hանքարդյունաբերական մոտ 7 տասնյակ ընկերություններ զգուշացվել են, որոշները զրկվել են լիցենզիաներից, խնդիրները  հիմնականում կապված են եղել տուրքերի, ապառքների վճարման  հետ, որոնք ընդերք օգտագործողները պարտավոր էին վճարել, բայց չեն վճարել:

«Մոտ 12 մետաղական հանքարդյունահանում իրականացնող կազմակերպությունների է զգուշացում տրվել եւ շուրջ 60 ոչ մետաղական»,-մանրամասնեց նա:

Փոխնախարարը  պարզաբանեց, որ գործընթացը շարունակական է և այն կազմակերպությունները, որոնք զգուշացումից հետո չեն կատարում իրենց պարտավորությունները, զրկվում են իրավունքից, իսկ որոնք կատարում են, վարչական վարույթը կարճվում է: