Փաշինյանի «իզմը» պոպուլիզմն էր. Էդուարդ Շարմազանով

Այսօր Հայաստանն՝ ի դեմ Նիկոլ Փաշինյանի, ունի պոպուլիստական իշխանություն

«Հայաստանի Հանրապետական» կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով 2019  թվական մուտք գործած նոր խորհրդարանը ոչ թե ընտրովի էր, այլ՝ նշանակովի:

«Նշանակովի էր օրվա իշխանության հերոս Փաշինյանի կողմից՝ իր ճաշակով, առանց ընդդիմության: Այսօր մենք չունենք իրական  ընդդիմություն, ունենք սահմանադրական ընդդիմություն, ուզած-չուզած ընդդիմություն են: Երբ դա ասում ենք, ամենևին չենք ցանկանում ստվեր գցել ո՛չ «Բարգավաճ Հայաստան»-ի, ո՛չ էլ «Լուսավոր Հայաստան»-ի վրա: Պարզապես փաստն եմ արձանագրում»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝  չնայած խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավում Փաշինյանն ասում էր, որ ինքը չունի «իզմեր», այնուամենայնիվ պարզվեց, որ ունի և նրա  «իզմը» պոպուլիզմն էր:

«Այսօր Հայաստանն՝ ի դեմ Նիկոլ Փաշինյանի, ունի պոպուլիստական իշխանություն»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ հեղափոխության շրջանում Նիկոլ Փաշինյանը խոսում էր ամեն ինչից, խոսում էր թոշակների բարձրացումից, թռիչքային զարգացումից, որ կարմիր գծերը, տեսախցիկները պետք է հանվեն, բայց իշխանություն գալուց հետո ոչինչ չարեց և նրա բերած ցուցանիշները նկատելիորեն զիջում են  նախկին իշխանությունների ցուցանիշներին:

Խոսելով ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մասին, Շարմազանովն ասաց. «Հայաստանը դարձել է «իզգոյ» ՀԱՊԿ-ում: Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը Փաշինյանի «շնորհիվ»»,- ասաց նա:

Նա հիշատակեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները արդյունավետ դարձնելու հայտարարություններն էլ իրականություն չդարձան, փոխարենը գազի գինը սահմանին  թանկացավ: