Լավ, մենք մի լավ նախագահ չենք ունենալո՞ւ, որ կենացը խմենք. Վիտալի Բալասանյան

Անկախ հայացքներից, անկախ դեմքից, անկախ զբաղեցրած պաշտոնից, անկախ աչքերի գույնից՝ բոլորին պետք է հարգենք

Արցախի Հանրապետության  անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այսօր Եռաբլուրում պատասխանելով լրագրողների այն հարցին արդյո՞ք ինքը  միանալու է Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանության համար իրականացվող ստորագրահավաքին:, նշեց, որ ինքը որևէ մեկին միանալու ցանկություն չունի:

«Ես միանում եմ արդարադատությանը: Պետք է բոլոր մութ տեղերը փակվեն: Բոլորը մտահոգ են մութ տեղերի առկայությամբ»,-ասաց  նա:

Վիտալի  Բալասանյանը  մտահոգիչ համարեց այն, որ բանակի միջոցառումներին նախկին  պաշտոնյաներ չեն մասնակցում:

«Նախ, ո՞ւր է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՞ւր է երկրորդ նախագահը, ո՞ւր է երրորդ նախագահը։ Ես, որպես քաղաքացի, իրավունք ունեմ հարցնելու։ Մենք 1995 թվականի շքերթին բոլորս մասնակցում էինք և՛ հրամանատարները, և՛ բոլոր ղեկավարները։ 1995 թվականից այսօր ես երբևիցե մեր պետական միջոցառումներին չտեսա առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին», - ասաց նա:

Բալասանյանի խոսքերով՝ Զինված ուժերի ստեղծման  օրը բոլորն անկախ իրենց հայացքներից,  պիտի միախմբվեն:

«Քանի՞ պաշտպանության նախարար է ունեցել այս երկիրը։ Մենակ Տոնոյան Դավի՞թն է։ Բա ո՞ւր են նախկին նախարարները։ Իրավունք չունենք այսպես ապրելու, չի կարելի, սա պետական միջոցառում է։ Անկախ հայացքներից, անկախ դեմքից, անկախ զբաղեցրած պաշտոնից, անկախ աչքերի գույնից՝ բոլորին պետք է հարգենք։ Լավ, մենք մի լավ նախագահ չե՞նք ունենալու, այդ նախագահի կենացը խմենք»,-եզրափակեց Վիտալի Բալասանյանը: