Փաշինյանը երկիր ներկայացնելու ունակություններ այդպես էլ ձեռք չբերեց

Նրա արդեն երկրորդ հանդիպման մասին (Սանկտ Պետերբուրգ և Դավոս) Հայաստանի հասարակությունն իմանում է օտարերկրյա աղբյուրներից

Արմեն Աշոտյան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցին:

Նա գրել է.

«Նիկոլ Փաշինյանի մոսկովյան ասուլիսի հետքերով արձանագրում եմ մի քանի ուշագրավ (տես՝ խայտառակ) փաստ:

1. Գտնվելով Մոսկվայում, ստանձնելով ԵԱՏՄ նախագահությունը և խոսելով Հայաստանի անդամակցության մասին ԵԱՏՄ-ին՝ Նիկոլ Փաշինյանը փաստացի կրկին բնութագրում է այդ անդամակցությունը որպես սխալ քայլ: Ակնհայտորեն դիտավորյալ հնչեցրած այս գնահատականի մեջ մերկանում են իր պաշտոնավարման օրոք հայ-ռուսական հարաբերություններում առաջացած կնճիռները, որոնց մասին մենք բարձրաձայնում ենք ամիսներ շարունակ՝ ի պատասխան լսելով քարոզչական սուտ, թե այդ հարաբերություններն առավել լավ են ու ամուր, քան երբևէ:

2. «Իսլամական պետության» ստեղծումը կապել Օբամայի օրոք Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման հետ նշանակում է ոչինչ չիմանալ և չհասկանալ գեոպոլիտիկայից և տարածաշրջանային զարգացումներից:

3. Դուշանբեի հանդիպումից անմիջապես հետո ուղիղ եթերում հանդիպման արդյունքները ներկայացնող Նիկոլ Փաշինյանին եկել է փոխարինելու բանակցությունների էթիկայից և գաղտնապահությունից խոսող Նիկոլ Փաշինյանը, որի արդեն երկրորդ հանդիպման մասին (Սանկտ Պետերբուրգ և Դավոս) Հայաստանի հասարակությունը իմանում է օտարերկրյա աղբյուրներից:

Հերթական անգամ համոզվում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ներքին սպառման վարչապետ է և երկիր ներկայացնելու ունակություններ այդպես էլ ձեռք չբերեց»: