Վենեսուելայում որևէ հրատապ աշխատանք չկատարող ԱՄՆ դիվանագետները հետ են կանչվել

Սակայն Միացյալ Նահանգները չի պատրաստվում փակել իր դիվանագիտական ներկայացուցչությունը

Միացյալ Նահանգները հետ է կանչում Կարակասում ԱՄՆ դեսպանատան դիվանագետների մի մասին: Սակայն սա վերաբերում է միայն այն աշխատակիցներին, որոնք որևէ հրատապ աշխատանք չեն կատարում:

Հունվարի 24-ին Պետդեպարտամենտը հրահանգել է հետ կանչել այն քաղծառայողներին, որոնց պարտականությունների մեջ չեն մտնում արտակարգի իրավիճակներին անձագանքելը: Երկիրը կլքեն նաև այդ դիվանագետների ընտանիքները:

Այս քայլի պատճառը Վենեսուելայում անվտանգության գործակիցն է: Այնուամենայնիվ, Պետդեպի ներկայացուցիչն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն «իր դիվանագիտական ներկայացուցչությունը փակելու ծրագրեր չունի»:

Հիշեցնենք, որ Կարակասում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ընդդեմ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ:

ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ աջակցություն են հայտնել ընդդիմադիր առաջնորդին, սակայն կան նաև մի շարք երկրներ, որոնք աջակցում են  Մադուրոյին:

Ավելի վաղ Մադուրոն հայտարարել է, որ խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ պահանջելով ամերիկացի դիվանագետներից երկիրը լքել 72 ժամվա ընթացքում, սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հրաժարվել է ընդունել այդ պահանջը՝ հայտարարելով, որ Մադուրոն նման որոշում կայացնելու լիազորություն չունի: