Ղարաբաղյան խնդրի հետ կապված «բնակչությանը խաղաղության պատրաստելու» հռետորաբանությունը դատարկ հնչյուն է

Անզգույշ մտքերի ժամանակը  չէ

Ղարաբաղյան խնդրի հետ կապված «բնակչությանը խաղաղության պատրաստելու» հռետորաբանությունը դատարկ հնչյուն է, եթե այն չի ամրագրվում թափանցիկությամբ, որն անհրաժեշտ  է, որպեսզի հանրությունն իսկապես  հիմնավոր որոշումներ կայացնի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը։

«Առանց թափանցիկության, նման կոչերը կարող են թվալ «դուք կարող եք վստահել ինձ» եւ «ձեզ պետք չէ իմանալ» մտքերի  արանքում ինչ-որ բան», - գտնում է նա։

Նա մի քանի հարց է տալիս, այդ թվում նաեւ այն հարցը, թե արդյոք Մադրիդյան սկզբունքներն են բանակցությունների հիմքում, ին՞չ դեր է Արցախը խաղալու այս գործընթացում, ի՞նչ երաշխիքներ կարող են առաջարկվել նոր ագրեսիայի դեմ եւ այլն:

«Ավելի լայն իմաստով, ինչպե՞ս կկնքվի  գործարքը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում՝ եթե այն իրականացվի:

Օրինակ, եթե նախօրոք Արցախը հանձնի հողերը՝ անվտանգության դիմաց, ապա Ադրբեջանը բարեխղճորե՞ն կարձագանքի`կատարելով Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները: Թե՞ Ադրբեջանը այդ զիջումը կընդունի որպես թուլության նշան՝ օգտագործելով իր նոր առավելությունն այդ վայրերում`ապահովելու համար (ինչպես որ Իլհամ Ալիեւն է  բազմիցս խոստացել) հետագա տարածքային ձեռքբերումները, մինչեւ ամբողջ Արցախը Բաքվի հսկողության ներքո վերցվի՝  հայերո՞վ, թե՞ առանց նրանց:

Մենք կարող ենք լավագույնի հույս ունենալ, բայց մենք պետք է հաշվի առնենք մեր պատմությունը եւ աշխարհագրությունը եւ նախապատրաստվենք վատագույնին: Անզգույշ մտքերի ժամանակը  չէ: Ինչպես ասում են, մենք պետք է բաց հայացքներ ունենանք, բայց ոչ այնքան, որ մեր գլուխը կորցնենք», - գրում է Համբարյանը: