Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերված գույքը

Դատախազությունը վերապահումներ է հայտնել

Պետությունը դեռ չի ընդունել Մանվել Գրիգորյանի կողմից նվիրաբերված գույքը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

«Պետության ընդունելու դեպքում կառավարության որոշում կլինի», – ասաց նա՝ նշելով, որ գործնթացն առայժմ կասեցված է, քանի որ Դատախազությունը վերապահումներ է հայտնել։

Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն փելըս» հյուրանոցն ընդունելու վերաբերյալ Նարեկ Բաբայանը նշեց, որ այն դեռևս տնօրինում են Ավետիսյանները, իսկ նվիրատվությունն ընդունելու դեպքում նույնպես կառավարության որոշում կլինի։

Դիտարկմանը, որ ըստ լուրերի՝ հյուրանոցը կառավարում է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետը, Բաբայանը պատասխանեց. «Այդ դեպքում ձեզանից յուրաքանչյուրը կարող է ղեկավարել։ Իհարկե, դա չի համապատասխանում իրականությանը»։