Թաթան բոլորինն է, բայց արտոնյալ չէ. Դավիթ Անանյան

Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը մինչև մարտի 15-ն է

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, որոնց համաձայն հարկային տեսուչները շրջում են ռեստորաններով, ուսումնասիրում են, թե ինչքան եկամուտ են ստանում շոու բիզնեսի ներկայացուցիչները, և ասել են. «Թաթային ձեռք չտաք, Թաթան մերն է»:

«Թաթան համազգային է, ոչ միայն մերն է, այլ բոլորինն է, բայց եթե կարծում եք, որ ինքն արտոնյալ է հարկեր վճարել կամ չվճարելու համար, ապա նման հայտարարություն չի եղել. ոչ ոք արտոնյալ չէ:  Այո, ընթացիկ հսկողական գործառույթներ իրականացնում են մեր աշխատակիցները, այդ թվում նաեւ այցելում եմ ռեստորանային համալիրներ եւ հորդորում են, որ եթե լինում են հավաքույթներ, իրենք սահմանված կարգով ձեւակերպեն այդ անձանց աշխատանքը: Դրանք հորդորի տեսքով են լինում: Այո, մենք ուզում ենք, որ շոու-բիզնեսը հարկվի: Բայց, շոու-բիզնեսից էլ ենք նման ազդակներ ստանում, իրենք էլ դեմ չեն, որ դա լինի:

Կարծում եմ, պետք է քննարկումներ ունենանք եւ իրենց ուղղորդենք այն ճիշտ ճանապարհը, որ պետք է իրականացնեին դեռեւս տարիներ առաջ»,-ասաց Անանյանը:

Դավիթ Անանյանը նշեց, որ հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը մինչև մարտի 15-ն է. «Մարդիկ դեռ ունեն ժամկետ»:

ՊԵԿ նախագահը չցանկացավ անուններ նշել, թե որ երգիչ-երգչուհիներն են, որ չեն ցանկանում իրենց հետ համագործակցել: