«Ավրորա»-ի առաջին համաժողովը՝ Երեւանում

Այն տեղի կունենա հոկտեմբերին

«Ավրորա»-ի առաջին համաժողովը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 14-21-ին Երեւանում: Համաժողովին կմասնակցեն սոցիալական, գիտա-տեխնոլոգիական, կրթական եւ մարդասիրական ինովացիաների ոլորտի առաջատար համաշխարհային փորձագետները, այն կդառնա տարածաշրջանում համանման առաջին նախաձեռնությունը: Հայտնել են  IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունից:

Մեկ շաբաթվա ընթացքում տեսակետների առաջնորդները կկարողանան փոխանակել իրենց փորձը եւ քննարկել ամենատարբեր խնդիրների հաջողված ու հեղափոխական լուծումների օրինակները՝ ենթակառուցվածքների բարելավումից մինչեւ առողջապահության ոլորտի ճեղքումներ եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնում:

Հագեցած ծրագրի մեջ կմտնեն «Ավրորա» մրցանակաբաշխության 4-րդ արարողությունը, երկրորդ Գլոբալ ինովացիոն համաժողովը, կրթական համաժողովը եւ բաց դասախոսությունների շարքը՝ նվիրված United World College (UWC) Dilijan-ի ստեղծման 5-ամյակին, ինչպես նաեւ կլոր սեղանների եւ մշակութային միջոցառումների շարքը: Շաբաթը կամփոփվի Երեւանում կայանալիք մեծ համերգով: