Յուլիա Տիմոշենկոն կառաջադրի իր թեկնածությունը՝ Ուկրաինայի նախագահի պաշտոնում

Միխայիլ Սաակաշվիլին կաջակցի նրան

«Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն կուսակցության համագումարում հայտարարել է, որ պատրաստվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնում առաջադրվել:

Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Տիմոշենկոյի խոսքով՝ իշխանության հիմնական քաղաքական հատուկ տեխնոլոգիան այս ընտրություններին բոլոր անհնազանդներին Կրեմլի ձեռք անվանելն է, այդ թվում դեմոկրատական ուժերին, որոնք այսօր իշխանության հետ չեն: Նա նշել է, որ Կրեմլը շահագրգռված է, որ Ուկրաինայում «քաոս եւ քայքայում, կոռուպցիա եւ աղքատություն, մի խոսքով ավերակ լինի»:

Տիմոշենկոն նշել է, որ Ուկրաինայի իշխանություններն ամեն ինչ անում են, որ երկիրը  ավերակ դառնա եւ հայտարարել է, որ պատրաստվում է նախագահ դառնալ:

Համագումարին ցուցադրվել է նաեւ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի տեսաուղերձը, որն իր աջակցությունն է հայտնել Տիմոշենկոյին եւ ասել, որ Ուկրաինան կարող է մեծ երկիր եւ գերտերություն դառնալ, բայց դրա համար հարկավոր է իշխանությունից հեռացնել ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյին եւ նրա ավազակախմբին:

Համագումարի պատվիրակներին նաեւ ցուցադրել են ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլի տեսաուղերձը, որոնք աջակցությունն են հայտնել Տիմոշենկոյին, մասնավորապես ՆԱՏՕ-ում եւ ԵՄ-ում Ուկրաինայի անդամակցության հարցում: