Իրանական ավիաընկերությանն արգելվել է չվերթներ իրականացնել դեպի Գերմանիա

Բեռլինն անթույլատրելի է համարում Իրանի ապակայունացնող դերը տարածաշրջանում և բալիստիկ ծրագիրը

Իրանական Mahan Air ավիաընկերությանն արգելել են չվերթներ իրականացնել դեպի Գերմանիա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է Reuters գործակալությունը: 
Ճեպազրույցին ներկա ԳԴՀ արտգործնախարարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերի խոսքով՝ Բեռլինը շարունակում է աջակցել իրանական միջուկային համաձայնագրին, սակայն «տարածաշրջանում Իրանի ապակայունացնող գործունեությունը, ինչպես նաև բալիստիկ ծրագիրը», անթույլատրելի են:
«Սիրիայում հակամարտությանն աջակցող և կոնֆլիկտի տարածաշրջանում մարդկանց վիճակի վատթարացմանը մասնակցություն ունեցող ընկերությունների թռիչքներն արգելելն արտաքին քաղաքականության առումով Գերմանիայի շահերից է բխում», - ասել է Բուրգերը:
Mahan Air-ը շաբաթական 6 անգամ թռիչք էր իրականացնում Գերմանիայի և Թեհրանի միջև`4 անգամ Դյուսելդորֆից և 2 անգամ Մյունխենից: