Ձերբակալվել է Գդանսկի քաղաքապետի սպանության ժամանակ ընթացող համերգի անվտանգության պետը

Նա ոստիկանությանը սխալ ինֆորմացիա է տրամադրել

Լեհաստանում ձերբակալել են Գդանսկի քաղաքապետի սպանության ժամանակ ընթացող համերգի անվտանգությունն ապահովող անձնակազմի ղեկավարին:
«Դատախազության որոշմամբ հունվարի 13-ին Գդանսկում ձերբակալվել է WOŚP համերգի անվտանգության պետը»,- ասվում է դատախազության թվիթերյան էջում:
Պարզաբանվում է, որ ձերբակալվածն իրավապահ մարմիններին կեղծ տեղեկություններ է հաղորդել այն մասին, որ քաղաքապետի վրա հարձակում գործած անձը բեմ է ներխուժել լրատվամիջոցի ներկայացուցչի անվան տակ: Ըստ դատախազության գրառման՝ անվտանգության պետը ոստիկանությանը մոլորության մեջ է գցել՝ ասելով, թե իբր Ստեֆան Վ.-ն «Media» անունով անցագիր է կրելիս եղել:  
Դանակով զինված 27-ամյա Ստեֆան Վ.-ն Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի վրա հարձակվել էր հունվարի 13-ին՝  բարեգործական համերգի ժամանակ՝ նրան սրտի շրջանում վնասվածքներ հասցնելով: Բժիշկները երկար ժամանակ բեմի վրա վերակենդանացրել են Ադամովիչին, ապա հիվանդանոցում վիրահատել ու արյուն փոխներարկել: Քաղաքապետը, սակայն, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:
Դատարանը Ստեֆան Վ.-ի համար 3 ամսվա նախնական կալանք է սահմանել: Նրան ցմահ ազատազրկում է  սպառնում: