Renault-ը և Nissan-ը չեն միավորվի

Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հերքել է տարածված լուրերը

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյոնո Լե Մերը հերքել է լուրերն այն մասին, թե ֆրանսիական կառավարությունը Ճապոնիայից պահանջել է մեկ ընկերության մեջ միավորել Renault և Nissan Motor ավտոկոնցեռնները, գրում է Monde թերթը:

Լե Մերի խոսքով՝ ընկերությունների միավորման հարցն «օրակարգում դրված չէ»: Նա նշել է, որ Ֆրանսիան որպես Renault ընկերության բաժնետեր կողմ է Renault-ի և Nissan-ի միջև գոյություն ունեցող դաշինքի «երկարակեցությանն» ու «պատշաճ գործելուն»:

«Սա այն է, ինչը մենք միշտ ասել ենք Ճապոնիայի ղեկավարությանը», - հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ օրակարգում եղած հարցը Renault-ի ղեկավարության հարցն է:

Նրա կարծիքով՝ ֆրանսիական ընկերության տնօրենների խորհուրդը մոտ ժամանակներում պետք է «վստահելի, կայուն ու հաստատուն» ղեկավարություն նշանակի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ճապոնական Nikkei թերթը գրել էր, որ ֆրանսիական պատվիրակությունն այս շաբաթ այցելել է Ճապոնիա՝ Renault և Nissan Motor ավտոկոնցեռնները մեկ ընկերության մեջ միավորելու հարցի շուրջ բանակցություններ վարելու, ինչպես նաև Կառլոս Գոնի ձերբակալությունից հետո Nissan-ի նոր տնօրենի շուտափույթ նշանակման հարցը քննարկելու համար: