Facebook-ը կասկածելի և սադրիչ գործունեություն ծավալող մի քանի հարյուր էջ է հեռացրել

Դրանք բոլորը կապ ունեին Ռուսաստանի հետ

Ամերիկյան Facebook ընկերությունը Ռուսաստանի հետ կապ ունեցող, կասկածելի և սադրիչ գործունեություն ծավալող 364 էջ և օգտահաշիվ է հեռացրել: Այս մասին ասվում է ընկերության մամուլի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ դրանք ստեղծվել են Ռուսաստանում և ազդել Բալթյան, Կենտրոնական Ասիայի, Կովկասյան, Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների օգտատերերի վրա: 
Հստակեցվում է, որ գրանցված էջերը ՆԱՏՕ-ի դեմ նյութեր են հրապարակել, ինչպես նաև լուսաբանել բողոքի շարժման և հակակոռուպցիոն թեմաներ:
Ընկերությունը հայտնել է, որ կշարունակի պայքարել օգտատերերի նման գործունեության դեմ, քանի որ «Facebook-ը չպետք է օգտագործվի մարդկանց մանիպուլյացիաների ենթարկելու նպատակով»:
Facebook-ից ու Instagram-ից հեռացվել են նաև Ուկրաինայի տարածքում գործող կասկածելի էջեր: