Պուտինն անձամբ է կարդում մամուլը եւ համացանցի լուրերը

Մանրամանում է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է կարդում թարմ մամուլը եւ համացանցի լուրերը, պատմել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կրեմլում եւ Նոր Օգարյովում նախագահի սեղանին կամ ընդունարանում գրեթե բոլոր թերթերը եւ ամսագրերը կան: Նա դրանցից շատերը կարդում է: Կարդում է նաեւ ինքնաթիռում, քանի որ նրա համար դա փաստացի եւս մեկ տուն է: Չի խուսափում նաեւ համացանցից, անձամբ նայում է լուրերը», - «ԱիՖ»-ին տված հարցազրույցում ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ համացանցը գործում է  նաեւ նախագահական ինքնաթիռում:

«Բացի այդ մամուլի ծառայությունը նախագահի համար տարբեր տեղեկատվա-վերլուծական նյութեր է պատրաստում: Ամեն օր երկրի ղեկավարի համար հեռուստալուրերի ծաղկաքաղ է արվում, որը նա դիտում է, երբ ժամանակ ունի. երբեմն, երբ մեքենայում է կամ ինքնաթիռում, երբեմն՝ արդեն գիեշրը տանը», - պատմել է Պեսկովը:

«Երբեմն նա ինչ-որ մեկից իմանում է այս կամ այն հաղորդումների կամ լուրերի մասին եւ հանձնարարում է իր համար ծաղկաքաղ պատրաստել: Տեղեկատվության ծառայողական աղբյուրների քանակը նույնպես շատ մեծ է. դրանք նախարարություններ եւ գերատեսչություններ են, հատուկ ծատռայություններ եւ այլն», - հավելել է նա: