Խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ. Աշոտյան

Այլևս իրատեսական չէ նոր կառավարության ոչ պրոֆեսիոնալ, թմբուկային գործելաոճի հետևանքով

Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության տկարությունը շարունակում է խորանալ ոչ միայն ղարաբաղյան, ռուսական կամ եվրասիական, այլև եվրոպական ուղղությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Իշխանափոխությունից հետո խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ, և այլևս իրատեսական չէ նոր կառավարության ոչ պրոֆեսիոնալ, թմբուկային գործելաոճի հետևանքով:

Նիկոլական զլմ-ները կարող են շարունակել ներքին սպառման էժանագին շոուները, սակայն հետիշխանափոխական ֆիասկոն այլևս իրականություն է:

2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի հունիսի 1-ից անցումային կիրարկման մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ միայն այդպես էլ միս ու արյուն չի ստանում, ոչ միայն չդարձավ երկրի բարեփոխման ուղենիշ, այլև քաղաքական իմաստով կորցնում է իր երբեմնի հմայքը և փայլը:

Առանց այդ էլ զգալի ուշացումով, սիրողականությամբ և դանդաղկոտությամբ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը անցյալ տարի ևս չկարողացավ հաստատել այդ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը, ինչը իրենց իսկ օրոք նախատեսված էր իրականացնել անցյալ տարի դեկտեմբերին կառավարության որոշման տեսքով:

ԵՄ-ում ունեցած իմ աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի կառավարության կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նախագիծը ենթարկվել է անխնա քննադատության Բրյուսելում և լրացուցիչ լրամշակման անհրաժեշտություն է առաջացել: Դրա մասին է վկայում նաև Նիկոլ Փաշինյանի ելույթը համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի անցյալ տարվա դեկտեմբերի նիստին:

Ի դեպ այդ նիստին զավեշտալի պատճառաբանությամբ ինձ չէին հրավիրել, թեպետ ես դեռ ի պաշտոնե հանդիսանում էի այդ հանձնաժողովի անդամ:

Չէին հրավիրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ստիպված չլինի պատասխանել իր համար տհաճ և կառավարության անաշխատունակությունը մերկացնող հարցադրումներին»,-գրել է Արմեն Աշոտյանը: