Թանկացումները շոկի մեջ գցեցին մեր «հպարտ քաղաքացիներին»

Հայաստանի բնակիչները շարունակում են զգալ իրենց՝ օրեցօր թեթեւացող դրամապանակների քաշը

Առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների եւ ծառայությունների թանկացումը շոկի մեջ գցեցին մեր «հպարտ քաղաղացիներին»:

Բոլորս հիշում ենք վարչապետի հուսադրող հայտարարությունը, որ «մեզ պետք է այնպիսի տնտեսական աճ, որի ամեն տոկոսը մարդիկ զգան իրենց կյանքում»:

Ոնցվոր թե աճն էլ եղավ, եւ դրա ամեն մի տոկոսն էլ զգացինք, բայց  մի ուրիշ ձեւով զգացինք:

Օրինակ՝ ՀՀ վիճակագրական կոմիտեն դեռ 2018 թվականի երրորդ եռամսյակից հետո հրապարակեց օպերատիվ տվյալներ, ըստ որոնց տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 2.7 տոկոս, իսկ նախորդ եռամսյակի համեմատ 29.5 տոկոս։ 

Դե արի ու մի ուրախացիր: Բայց իրականությունը ուրիշ բան ցույց տվեց. թռան ձվի, մսի, կարագի, կարտոֆիլի եւ այլ ապրանքատեսակների գները: Ընդ որում՝ սուպերմարկետներում ի հայտ եկավ բելառուսական ծագման միս, որը մոտ 1000 դրամով էժան է տեղականից, բայց ակնհայտ զիջում է որակով: Հետ չմնացին նաեւ որոշ ծառայություններ. բարձրացան շենքերի սպասարկման եւ երաժշտական դպրոցների վարձավճարները:

Դե պարզ է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության եւ երրորդ երկրներից 850-900 ապրանքատեսակների ներմուծման դեպքում որոշակիորեն բարձրանալու էր մաքսատուրքը։ Խոսքը վերաբերում է լայն սպառման ապրանքներին՝ շաքարավազից մինչև ավտոմեքենա, ինչն էլ բերելու էր թանկացմանը:

Տվյալ պարագայում ուղղակի անհրաժեշտ է զարկ տալ տեղական արտադրանքին, զարգացնել գյուղատնտեսությունը:

Նույն մտքին է նաեւ Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, ով պնդում է, որ լուծումներից մեկը կարող է լինել տեղում արտադրության խթանումը։ Ըստ նրա,  Հայաստանի իշխանությունները պետք է արտադրողների հետ աշխատանք տանեին, նրանց նոր տեխնոլոգիաներ ներդնելու և արդյունավետ աշխատելու, ավելի ցածր ինքնարժեքով արտադրանք տալու մեխանիզմներ ներկայացնեին, որ հնարավոր լիներ թանկացումը շրջանցել կամ գոնե մեղմել։ Բայց դա չի արվել։

Իսկ մինչ այդ՝ Հայաստանի բնակիչները շարունակում են զգալ իրենց՝ օրեցոր թեթեւացող դրամապանակների քաշը: