Պետք է հրատապ լուծել ապօրինի առևտրի հետ կապված խնդիրը. Քաղաքապետ

Պարզապես պետք է մարդկանց զգուշացնել, բացատրել, ասել, որ դա և՛ օրենքի, և՛ բնակիչների պահանջն է

Երևանի քաղաքապետարանը բողոքներ է ստացել՝ կապված մայրաքաղաքում ապօրինի առևտրի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ հանձնարարել է Երևանի վարչական շրջանի ղեկավարներին փողոցում առևտուրը կազմակերպած անձանց այլընտրանք առաջարկել:

«Այդ մարդկանց գործունեությունը պետք է կանգ չառնի: Այս առումով մենք խնդիր չունենք, մարդիկ առանց գործ չեն մնա, առևտուրը կազմակերպելու համար համապատասխան վայրեր կան: Պարզապես պետք է մարդկանց զգուշացնել, բացատրել, ասել, որ դա և՛ օրենքի, և՛ բնակիչների պահանջն է: 

Առևտրի վայրերը պետք է ծառայեն առևտրի համար, մայթերը՝ հետիոտնի: Պետք է հրատապ այս հարցը լուծել, ես կխնդրեմ ոստիկանության աջակցությունը: Նորից եմ ասում, ամեն ինչ արվում է հանգիստ, առևտրով զբաղվողներին բացատրելով: 

Նրանց պետք է տեղեկացնել, որ կան համապատասխան առևտրի վայրեր, որոնց մի մասը շատ հաճախ անվճար են տրամադրվում որոշ ժամանակով, մեկ, երկու, նույնիսկ վեց ամսով, մինչև մարդիկ ընկնեն հունի մեջ և շարունակեն գործունեությունը»,-, նշել է Հայկ Մարությանը: