Երևանի քաղաքապետարանը միացել է աղբի վերամշակման «Recycle it» ծրագրին

Ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 100.000-ը

Երեւանի քաղաքապետարանը միացել է «ԱյԷսԷսԴի» թիմի  նախաձեռնությամբ կազմակերպված «Recycle it» նախագծին, որի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձեւավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման եւ թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Ծրագիրն իրականացվում է 2018 թվականից ՄԱԶԾ-ԳԷՀ կողմից ֆինանսավորվող փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Այս ծրագրով թափոնների տեսակավորում է իրականացվում արդեն Հայաստանի ավելի քան 80 կազմակերպություններում՝ ներառյալ 44 կրթական հաստատություններում (դպրոցներ, համալսարաններ, նախակրթական համալիրներ եւ այլն), մասնավոր ընկերություններում, միջազգային կազմակերպություններում, պետական հաստատություններում եւ բնակելի համալիրներում։ Ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 100.000-ը: «Recycle it» ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն տեսակավորել հետեւյալ թափոնները՝պլաստիկ շիշ, թուղթ, մետաղ եւ ապակի:

Ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում տեղադրվել է տեսակավորման երկու աղբարկղ, որոնց թիվը նախատեսվում է մեծացնել եւ տեղադրել  երկրորդ մասնաշենքում, ինչպես նաեւ  վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի շենքերում:

Նշենք, որ  «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» («ԱյԷսԷսԴի») ՀԿ-ն նորաստեղծ կազմակերպություն է, որը նորարարական լուծումներ է առաջարկում թափոնների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության ու համայնքների կայուն զարգացման համար: