Թուրքիան խրախուսում է օտարերկրացիներին

Էրդողանի հրամանագրով էապես դյուրացվել են քաղաքացիություն ստանալու պահանջները
istanbul

Թուրքիայի քաղաքացի դառնալու համար այսուհետ կպահանջվի ավելի քիչ ներդրում, քան նախկինում էր: Մինչ փոփոխությունը այդ երկրի քաղաքացիություն ստանալու համար պահանջվող անշարժ գույքի նվազագույն արժեքը 1 մլն դոլար էր, իսկ նախատեսված կապիտալի ֆիքսված գումարը՝ 2 միլիոն դոլար:

Բարձր սահմանաչափերը զգալիորեն նվազել են երկրի նախագահ Թայիփ Էրդողանի համապատասխան հրամանագրով, որը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 18-ին, հրապարակվել է Resmi Gazete կառավարական տեղեկագրում: Այսպիսով, Թուրքիան զգալիորեն դյուրացրել է օտարերկրացիների համար քաղաքացիության ձեռքբերումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հրամանի համաձայն, քաղաքացիության ձեռքբերման համար նախատեսված կապիտալի ֆիքսված գումարը 2 միլիոնից նվազել է  մինչեւ 500 հազար դոլար, իսկ օտարերկրացիների  քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ անշարժ գույքի նավազագույն արժեքը 1 մլն դոլարից կրճատվել է մինչեւ 250 հազար դոլար:

Փոփոխություն է կատարվել նաև օտարերկրացիներին ներկայացվող զբաղվածության ապահովման չափանիշների մեջ: Մասնավորապես, նախկինում սահմանված 100 աշխատակիցների առկայության պահանջը նոր հրամանագրով օտարերկրացիների համար փոխարինվել է 50 աշխատակցով, այդ քանակի զբաղվածության ապահովումն այսուհետ բավարար կլինի քաղաքացիություն ստանալու համար:

Էականորեն՝ 6 անգամ նվազել է Թուրքիայի բանկերում պարտադիր՝ դեպոզիտի գումարը. այսուհետ 500 000 դոլար դեպոզիտի առկայությունը այդ երկրի բանկերում բավարար կլինի քաղաքացիություն տրամադրելու համար: Նախկինում գումարի նվազագույն  սահմանաչափը 3 միլիոն դոլար էր: