Խորհրդարանում ընդդիմություն չի լինի. Լևոն Շիրինյան

ԱԺ–ում քաղաքական ուժերի հավասարակշռման համար պետք է ազդեցիկ խմբակցություն ստեղծել

ՀՀ խորհրդարանում ընդդիմություն չի լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ 

Նրա խոսքով՝ չի կարելի միատեսակ գաղափարական հիմքեր ունեցող ուժերին ընդդիմություն անվանել։ «ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն չեն կարող ընդդիմություն համարվել, քանի որ նրանք ինչպես իշխանական կուսակցությունը լիբերալ արժեքների կրողներ են»,–շեշտեց Շիրինյանը։  

Քաղաքագետը շեշտեց, որ ոչ նախընտրական քարոզարշավի ընթացքում, ոչ դրանից հետո բացի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդից» ոչ մի քաղաքական ուժ չի ներկայացրեց երկրի տնտեսական զարգացման հայեցակարգ. «Այսօր, ինչպես եւ 1990-ական թվականներին, խորհրդարանում նկատվում են ծայրահեղություններ։ Եթե 1990-ականներին խորհրդարանը չափազանց կոմունիստական էր, ապա այժմ այն չափազանց լիբերալ է։ ԱԺ–ում ներկայացված չէ ոչ մի ազգային ուղղվածության ուժ, աշխատավոր դասը ներկայացնող ոչ մի ուժ չկա»,–հավելեց Շիրինյանը։

Նրա կարծիքով, ԱԺ–ում քաղաքական ուժերի հավասարակշռման համար պետք է ազդեցիկ խմբակցություն ստեղծել, իսկ ներկա պայմաններում մնում է հուսալ, որ մեծամասնություն ունեցող կուսակցության ներկայացուցիչները ԱԺ–ում ազնիվ կլինեն։