Գազի գինը կարտացոլի այն վստահությունը, որը կա հարաբերություններում

Եթե քաղաքական հարթությունում խնդիրներ չկան, ապա գազի գինը չի բարձրանա, և կողմերը կառուցողական ելքի կհանգեն. ռուս փորձագետ

Դեկտեմբերի 27-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Չնայած խոսակցություններին, որ հարաբերություններում խնդիրներ կան, օրերս իր ամենամյա մեծ մամլո ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահը հույս հայտնեց, որ Հայաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանը շարունակելու է ելնել աշխարհում ու տարածաշրջանում ստեղծված իրողություններից, մեր հնարավոր պահանջմունքներից՝ նշելով, որ այդ բոլոր հարցերը մոտ ապագայում կքննարկի Ն. Փաշինյանի հետ: Իհարկե, համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական իրողությունները հայ-ռուսական քաղաքական օրակարգի մի մեծ բաժինն են զբաղեցնում, սակայն, ըստ ամենայնի, առաջիկա հանդիպման օրակարգում առավելապես երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերն են` գազի գին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթաց և ՀԱՊԿ-ում ստեղծված հայտնի իրավիճակ:

Ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյան-Պուտին հանդիպման գլխավոր հարցը Հայաստանի համար ռուսական գազի նոր գինն է: Ինչպես հայտնի է, 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց մեծ աղմուկ բարձրացրած «գազային» պայմանագիրը, որն ուներ 2 բաղադրիչ՝ համաձայնագիր «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքի ու գործունեության պայմանների մասին, ինչպես նաև համաձայնագիր գազի գների ձևավորման կարգի մասին: Երկրորդ համաձայնագրով ամրագրվեց Հայաստան առաքվող գազի գինը սահմանին՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Սկզբում դա 1000 խորանարդ մետրի դիմաց 190 ԱՄՆ դոլար էր, հետո դարձավ 165, իսկ հետո նվազեց՝ մինչև 150: Սակայն հաշված օրեր անց համաձայնագրի այս հատվածը կդադարի գործել, ուստի, արդեն մի քանի ամիս է, ինչ կողմերը համապատասխան գերատեսչությունների մակարդակով նոր գին են բանակցում:

Հետաքրքրական է, որ մինչ ՀՀ իշխանությունները Ռուսաստանի Դաշնության հետ գազի նոր գին են փորձում բանակցել, իրենց պնդմամբ՝ ջանալով իջեցնել առկա գինը, ԵԱՏՄ մեկ այլ անդամ` Բելառուսը, գազային պատերազմ է հայտարարել Ռուսաստանին՝ պահանջելով Բելառուսի համար գինը մոտեցնել ռուսաստանյան ներքին գներին: Բելառուսը գազը սահմանին ստանում է 130 դոլարով, սակայն որպես օրինակ՝ նշում է Ռուսաստանի Սմոլենսկ նահանգը, որտեղ սպառողը գազը ստանում է 70 դոլարով:

Հայկական կողմը ևս խնդիրներ է տեսնում հայաստանյան գազի գնի ձևավորման հարցում, քանի որ ռուսական «Գազպրոմը» սահմանին գազը վաճառում է ամբողջությամբ իրեն պատկանող «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը 150 դոլարով, սակայն այդ գազը սպառողին հասնում է 285 դոլարով:

Փաշինյան-Պուտին սեպտեմբերյան հանդիպումից հետո Ն. Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ նախագահը նույնիսկ տեղյակ չէ, որ հայ սպառողը նման գնով է գազը ստանում, ուստի որոշվել էր ուսումնասիրել գազի գնագոյացման մեխանիզմները՝ ի օգուտ հայ սպառողի:

Թե ինչպես կշահի հայ սպառողն այդ բանակցություններից և վերանայումներից՝ հայտնի կդառնա օրեր անց: Մինչ այդ «168 Ժամը» ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովի հետ քննարկել է գազի գնի շուրջ ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակը: Կոնստանտին Սիմոնովն արձանագրեց, որ քաղաքական հարթությունում, որն անդրադառնում է նաև տնտեսական կապերի վրա, վերանայումների փուլ է, և այդ վերանայումներից հետո ստեղծված հարաբերություններից է կախված՝ կլինի գնի նվազո՞ւմ, թե՞ ընդհակառակը: Ըստ նրա, ներկայումս ունենք իրավիճակ, երբ կան նաև խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս երկկողմ հարաբերություններում ժամանակ առ ժամանակ:

«Կողմերը փորձում են լուծումներ տալ ստեղծվող խնդիրներին, դրանցից մեկն էլ այսօր գազի գինն է, որը կարտացոլի այն վստահությունը, որը կա հարաբերություններում:

Ակնհայտ է, դրա մասին հրապարակայնորեն խոսել են նաև ՀՀ իշխանությունները, որ ցանկանում են գազի գնի իջեցում: Էժան գազ բոլորն են ցանկանում, բայց գազի գինը նաև քաղաքականություն է, դրանով Ռուսաստանը հստակեցնում է իր ավելի լայն քաղաքականությունը: Ներկայումս ինձ համար տեսանելի չէ, թե որքանով են կողմերը հաջողել լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են, ըստ էության, դեռ դրանք պահպանվում են, ուստի դժվար է ասել, թե ինչ համաձայնության կգան կողմերը:

Չի բացառվում, որ բարձրանա գինը: Եթե խոսենք տնտեսական բաղադրիչի մասին, ապա այստեղ բավականին ծավալուն աշխատանքի կարիք կա: Շատ է խոսվում, որ «Գազպրոմ Արմենիան» ռուսական ընկերություն է, Ռուսաստանն է պատասխանատու տվյալ գնի համար, որոշակիորեն պատասխանատու է, համաձայն եմ:

Եթե չեմ սխալվում, «Գազպրոմի» ղեկավարությունը նշել է, որ այն, ինչ կախված է իրենից՝ կանի, որպեսզի բնակիչը չտուժի, բայց կան նաև խնդիրներ, որոնք պետք է դիտարկվեն Հայաստանում, քանի որ ընկերությունը գործում է Հայաստանում: Այսինքն` երկկողմ աշխատանք է հարկավոր այս ընկերության ներգրավմամբ՝ հասկանալու համար, թե ինչու է սահմանից հետո կրկնակի բարձրանում գազի գինը, որքանով է այդ ծախսն արդարացված, և ինչպես կրճատել այդ ավելացվող գինը, և այդ հարցում Ռուսաստանն ինչ դերակատարություն ունի, ինչպես կարող է աջակցել՝ կրճատել այդ ծախսերը: Բայց կրկնեմ, որ Հայաստանի ներսում ևս պետք է ուսումնասիրեն այս խնդիրը, հասկանան, թե ինչու է այդպես, դա իսկապես խնդիր է, որևէ մեկը չի հերքում, ուստի պետք է դրանով զբաղվել:

Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը, այսինքն` «Գազպրոմը», կդիտարկի՝ որքանով կարող է և որքանով է նպատակահարմար փոխհատուցել ծախսերի մի մասը, որը կարտացոլվի գազի վերջնական գնի վրա: Եթե քաղաքական հարթությունում խնդիրներ չկան, ապա գազի գինը չի բարձրանա, և կողմերը կառուցողական ելքի կհանգեն»,- ասաց Սիմոնովը:

Վերջինս տեղյակ չէ հայաստանյան մամուլում շրջանառվող գազի բարձր գնից, որը ՀՀ իշխանությունները հերքեցին՝ նշելով, որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են:

Ռուս քաղաքական մեկ այլ վերլուծաբան՝ Ստանիսլավ Տարասովը, ևս կարծում է, որ գազի գինը ոչ այնքան տնտեսական հարց է, որքան քաղաքական: Ըստ նրա, գազի գնի շուրջ բանակցությունների ելքը, այսինքն` որոշումը, ցույց կտա հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս որակը, քանի որ ամեն ինչ չէ, որ հասկանալի է:

«Թվում է` կա խնդիր, բայց արտահայտվում են ղեկավարները և նշում, որ խնդիրներ չկան, ոչինչ չի փլուզվել: Հասկանում ենք նաև, որ քաղաքականությունում այդքան մակերեսային չէ ամեն բան, և նախագահները չեն կարող խոսել այն ամենի մասին, ինչ կա: Բայց սովորաբար ուղերձներ ներառում են իրենց ելույթներում:

Օրերս ՌԴ նախագահի ուղերձն այն էր, որ հայ-ռուսական հարաբերությունների բովանդակությունը պետք է զարգանա, ընդլայնվի, ինչը նշանակում է, որ այս ամիսների ընթացքում մեծ տեղաշարժեր և լուրջ ձեռքբերումներ երկկողմ հարաբերություններում չեն եղել: Դրա ապացույցներից մեկն այն է, որ Ռուսաստանն անմիջապես չշնորհավորեց ՀՀ-ում կայացած ընտրությունների կապակցությամբ, այլ սպասեց: Շատ տարբեր ցուցիչներ կան:

Հուսամ, որ որևէ որոշումից հայ սպառողն անհարմարավետություն չի զգա: Բայց ես ևս չեմ բացառում, որ գազի գինը բարձրանա սահմանին, գուցե այդ դեպքում հնարավոր լինի «Գազպրոմ Արմենիա» ընկերության ծախսերի կրճատման միջոցով խնդիրը որոշակիորեն մեղմել: Սակայն առաջիկա բանակցությունների արդյունքը շատ ավելի լուրջ հարցերում հայ-ռուսական փոխըմբռնման մակարդակի ցուցիչը կդառնա»,- նման տեսակետ հայտնեց Ստանիսլավ Տարասովը.