Դոնալդ Թրամփը զարմացել է, որ 7-ամյա տղան հավատում է Սանտա Կլաուսին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են Սանտա Կլաուսի տեղաշարժին հետևելու ամենամյա միջոցառմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են Սանտա Կլաուսի տեղաշարժին հետևելու ամենամյա միջոցառմանը, որի ընթացքում ցանկացած երեխա կարող է զանգահարել թեժ գիծ և տեղեկանալ, թե այդ պահին որտեղ է գտնվում Ձմեռ Պապը:  Թրամփի զրույցի տեսաձայնագրությունը հրապարակվել է Daily Beast պորտալի թվիթերում։

Դոնալդ Թրամփը հեռախոսազանգ է ընդունել 7-ամյա մի տղայից: Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը զարմացել է, որ տղան դեռ հավատում է Սանտային և ասել է, որ նա արդեն մեծ է դրա համար:

ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինն ամեն տարի Սուրբ Ծննդի նախօրեին մասնակցում են այս արարողությանը: Արդեն 63 տարի շարունակ յուրաքանչյուր տարի նման միջոցառում է կազմակերպում Հյուսիսամերիկյան ավիատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD): Կազմակերպությունը զբաղվում է ավիատիեզերական ակտիվության հայտնաբերմամբ: Այն ավելի քան 22 հազար արբանյակ ունի, որոնք ինֆրակարմիր սենսորներով որսում են ջերմությունը և օգնում տեղորոշել հրթիռների արձակումը, որոնք կարող են ուղղված լինել Հյուսիսային Ամերիկայի վրա: Սակայն Սուրբ Ծննդյան օրերին կազմակերպության զինվորական անձնակազմը և ավելի քան 1500 կամավորներ զանգեր են ընդունում երեխաներից և նրանց ասում են, թե որտեղ է Սանտա Կլաուսը:

Այս ավանդույթն սկիզբ է առել 1955 թ.: Սանտա Կլաուսի հետ խոսել ցանկացող երեխաների համար թերթում տպագրված գովազդի մեջ սխալ հեռախոսահամար է նշվել, և երեխաների հեռախոսազանգերը ստացել է Մայրցամաքային օդային պաշտպանության հրամանատարական կենտրոնը: Գնդապետ Հարի Շոուփը և նրա անձնակազմը, լսափողը դնելու փոխարեն, ամբողջ երեկո պատասխանել են երեխաների զանգերին և նրանց ասել են, թե որտեղ է Սանտան: Երբ 1958թ.-ին ստեղծվել է Հյուսիսամերիկյան ավիատիեզերական պաշտպանության հրամանատարությունը, այս ավանդույթը շարունակվել է: