Կենտրոնական բանկը սահմանել է խիստ պահանջներ FOREX շուկայում ներդրումային ծառայությունների մատուցման համար

Ներդրվել են պրոֆեսիոնալ հաճախորդների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ ռիսկերի զսպման մեխանիզմներ

Վերջին տարիներին ակտիվացել են Հայաստանի Հանրապետությունում տարբեր անձանց կողմից FOREX շուկային մուտքի տրամադրման ծառայությունների առաջարկները, հայտնում են ԿԲ-ից: FOREX շուկայում լեվերիջով գործարքները համարվում են բարձր ռիսկային գործարքներ, և պարունակում են ներդրողների միջոցների կորստի իրական վտանգներ: Լեվերիջով գործարքների դեպքում ներդրողին թույլատրվում է իրականացնել իր կողմից նախապես ներդրված գումարը բազմապատիկ (մի քանի հարյուր) անգամ գերազանցող ծավալով գործարքներ: Դրանք իրականացվում են ածանցյալ ֆինանսական գործիքների օգտագործմամբ: Սովորաբար, նման ներդրում կամ առևտուր կատարելու առաջարկները մոլորեցնում են ներդրողին` խոստանալով հեշտ եկամուտներ, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, ներդրողի կորուստը կարող է լինել ավելին, քան ներդրված գումարն է: Այս շուկան զերծ չէ նաև չարաշահումներից. ներդրողը հաճախ գործնականում հնարավորություն չի ունենում պարզելու, թե որտեղ են պահվում իր դրամական ներդրումները և հաճախ են դեպքերը, երբ ներդրողը չի կարողանում հետ ստանալ իր գումարը:

Հաշվի առնելով վերոնշյալ ռիսկերը՝ Կենտրոնական բանկը սահմանել է խիստ պահանջներ FOREX շուկայում լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցման համար: Մասնավորապես՝ այդպիսի ծառայությունները թույլատրվում է մատուցել միայն պրոֆեսիոնալ հաճախորդներին, այսինքն՝ այնպիսի հաճախորդներին, ովքեր ունեն համապատասխան փորձ և գիտելիքներ այդ գործարքներից բխող ռիսկերը հասկանալու և ինքնուրույն ներդրումային որոշումներ կայացնելու համար: Պրոֆեսիոնալ հաճախորդ չհանդիսացող անձանց FOREX շուկայում լեվերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցումն արգելվում է:

Միևնույն ժամանակ, ներդրվել են պրոֆեսիոնալ հաճախորդների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ ռիսկերի զսպման մեխանիզմներ։