ՊԵԿ-ը հորդորում է վճարովի ավտոկանգառների գործունեության համար վճարել սահմանված արտոնագրային հարկը

Տուգանք այդ գործունեության արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից
ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է վճարովի ավտոկանգառների գործունեության համար վճարել սահմանված արտոնագրային հարկը, հակառակ դեպքում կկիրառվի Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված  պատասխանատվությունը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում ասված է.

«Առևտրային, հանրային սննդի և այլ օբյեկտների կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալությամբ օգտագործվող տարածքներում տրամադրվող ավտոկանգառների համար առանձին դեպքերում գանձվում են վճարներ` չկիրառելով ավտոտրանսպորտային միջոցների ելքն ու մուտքը գրանցող համակարգեր: Հաշվի առնելով այդ հանգամանքը, որ նշված գործունեությունը Հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի համաձայն հանդիսանում է արտոնագրային հարկով հարկման օբյեկտ` առաջարկում ենք օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել, վճարել արտոնագրային հարկը և ստանալ արտոնագիր` սահմանված պատասխանատվությունից խուսափելու համար:

Նույն գործունեությունը պետական գրանցում չստացած կամ հարկային մարմնում չհաշվառված ֆիզիկական անձանց կողմից իրականացվելու դեպքում կդիտարկվի որպես ապօրինի ձեռնարկատիրություն և կկիրառվի Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված  պատասխանատվությունը, այն է` տուգանք այդ գործունեության արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ձեռնարկատիրական եկամտի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից»: