Մանվել Գրիգորյանի նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել. փաստաբան

Նմանօրինակ ընտրովի արդարադատությունն առաջինը վնասելու է երկրի անվտանգությանն ու նրա իմիջին
Մանվել Գրիգորյան

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել յուրացման համար,  որպես վնաս վարույթ իրականացնող մարմինը ֆիքսել է 7 մլն դրամ, որը դեռևս 2018-ի սեպտեմբերին վճարվել է դատախազության դեպոզիտ հաշվի:

Անդրադառնալով Գրիգորյանին կալանքի տակ պահելուն, փաստաբանը նշեց, որ ամեն անգամ դատարանը վերացական դատողություններով հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ պատվերը և կալանքի սանկցիան ամեն անգամ երկարացնում է:

«Դա անթույլատրելի է: Նմանօրինակ ընտրովի արդարադատությունն առաջինը վնասելու է երկրի անվտանգությանն ու նրա իմիջին: Գրիգորյանին հանիրավի պահելով կալանքի տակ, տեղի է ունենում խոշտանգում, որի կրողը և պատասխանատուն ՀՔԾ-ն է և Դատախազությունը: Նման անօրինականությունները, երբ իրավապաշտպանը բարձրաձայնում է և երկրի իշխանությունը քար լռություն է պահպանում, հետևությունս մեկն է՝ Գրիգորյանի նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել՝ նրան պահել պատանդի կարգավիճակում և դանդաղ սպանել»,-հայտարարեց պաշտպանը:

Նա ընդգծեց, որ այն աստիճանի է հասել Մանվել Գրիգորյանին անօրինական կալանքի տակ պահելը, որ պաշտոնապես բարձրաձայնում է Հայաստանի ՄԻՊ-ը՝ փաստելով, որ Գրիգորյանի մոտ բացահայտվել է առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա:

«Պատկերացրեք, մարդուն կալանավորում են, շաքարը 7 է,  կախվածություն չի ունեցել ինսուլինից, 6 ամիս անց շաքարը 25 է, օրական 2 անգամ ընդունում է ինսուլիսի բարձր դոզա եւ կախվածություն ինսուլիսից: Եթե նոր Հայաստանի քաղաքականությունն ընտրովի արդարադատությունն է եւ ընտրովի իր քաղաքացուն դանդաղ սպանելը, ապա դրա դեմ պետք է տոտալ պայքարել, իսկ, եթե ոչ, պետք է անհապաղ փոխել անձի խափանման միջոց կալանքը: Եթե Գրիգորյանը կատարել է հանցագործություն, օրենքի ողջ խստությամբ թող ենթարկվի պատասխանատվության, բայց կալանքի իսպառ բացակայության պայմաններում, առերեւույթ վնասը փոխհատուցելուց հետո ո՞րն է պատճառը, այն էլ ծանր հիվանդությունների տեր մարդուն պահել կալանքի տակ»,-հայտարարեց Լեւոն Բաղդասարյանը:

Փաստաբանը նաև նշեց, որ օրերս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ, եթե անձը հատուցել է պատճառված վնասը, ապա պատասխանատվության հետ կապված կարող է լինել ազատություն մեջ:

«Մենք չենք ասում՝ թող Գրիգորյանը պատասխանատվության չենթարկվի, մենք ասում ենք՝ կալանքի հիմքերը բացակայում են: Իսկ եթե հետագայում մեղքը կապացուցվի, թող օրենքի խստությամբ ենթարկվի պատասխանատվության»,-ասաց պաշտպանը: