Պատրաստվում է Հայաստանում օտար զինվորականների ներկայությունը բացառող փաստաթուղթ․ Լավրով

Վրաստանից բացի, ամերիկյան բիոլաբորատորիաներ կան նաև Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում

Վրաստանից բացի, ամերիկյան բիոլաբորատորիաներ կան նաև Հայաստանում և հետխորհրդային այլ երկրներում։ Ռուսաստանը կապի մեջ է ընդունող երկրների, այդ թվում և Հայաստանի ու Վրաստանի հետ։ Վրաստանի պաշտոնյաներն արդեն հրավիրել են ռուսական կողմին այդ լաբորատորիաների հետ ծանոթանալու։ Այս մասին այսօր տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Հարցազրուցավարը, որ ռադիկալ էր տրամադրված Վրաստանի հանդեպ, նույն ոճի հարց ուղղեց նաև Հայաստանի վերաբերյալ՝ ինչո՞ւ է ռուսական կողմը թույլ տվել, որ Հայաստանում միանգամից երեք ամերիկյան լաբորատորիա բացվի, չէ՞ որ Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ բարեկամն է։

«Հայաստանի հետ ավարտում ենք նախապատրաստման գործընթացը մի փաստաթղթի, որով երաշխավորվելու է այնտեղ արտասահմանյան զինվորականների բացակայությունը և երաշխավորելու է, որ այդ ամենը թափանցիկ է», – ասել է Լավրովը։

Նա ասել է, որ նույնպիսի փաստաթուղթ է նախապատրաստվում Ղազախստանի հետ, և խոսքը ոչ թե այդ լաբորատորիաների բացառման մասին է, այլ զինվորականների ներկայության բացառման ու վտանգների բացառման։